«Չորրորդ հանրապետության» նարատիվի իրական նպատակն ու վտանգները
Կարդացեք նաև
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հրապարակային դաշտ է նետել «չորրորդ հանրապետության» գաղափարը, որը տևական ժամանակ թմբկահարվում է նրա թիմի տարբեր ներկայացուցչների կողմից։ Ավելին, այս փաստը նրանք ներկայացնում են, որպես «պատմական» ձեռքբերում, որին «ձգտել» է հայ ժողովուրդը Առաջին հայացքից դա ներկայացվում է որպես «նոր էջի բացում» կամ «պետականության վերաիմաստավորում», սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս նարատիվը միտված է ոչ միայն քաղաքական ներկայության պահպանմանը, այլև ամբողջությամբ փակելուն այն պատմական ու իրավաքաղաքական հիմքերը, որոնց վրա կառուցվել է Հայաստանի երրորդ հանրապետությունը։
Ինչպես հայտնի է՝ Երրորդ հանրապետությունը հիմնադրվել է 1991 թ․ անկախության հռչակագրով և Արցախի ազատագրական պայքարի հաղթանակով։ Այս երկու հիմնասյուներն են եղել հայկական պետականության նոր փուլի լեգիտիմության առանցքը։ Փաշինյանի առաջարկած «չորրորդ հանրապետություն» նարատիվը փորձում է այս ամբողջ հիմքը դուրս բերել քաղաքական օրակարգից՝ Արցախի թեման ներկայացնելով որպես «անցյալ», իսկ անկախության հռչակագրի սկզբունքները՝ որպես «իրականությունից կտրված ռոմանտիկա»։ Այլ կերպ ասած, սա փորձ է պատմաքաղաքական հիշողությունը վերաշարադրելու և գործող պետականության պատմական ժառանգությունը զրոյացնելու։
Նշենք, որ սրանք այն երկու առանցքային հանգամանքներն են, որնց մասին Ադրբեջանի ղեկավարն ու տարբեր գործիչներ հայտարարում են՝ պնդելով, որ «մինչև հայկական կողմը չկատարի իր «տնային առաջադրանքը», չփոխի Սահմանադրությունը, խաղաղության մասին խոսք լինել չի կարող»։ Իսկ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության» մասին թեզը հրապարակ բերելով, Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է Ալիևի հերթական պահանջը՝ ինչքան էլ հայտարարի, թե նախաձեռնությունն իրենք սկսել են դեռևս տարիներ առաջ։
Այս նարատիվի խորքում ընկած է ներքին ու արտաքին երկակի նպատակ։ Ներքին մակարդակով իշխանությունը փորձում է ձևավորել նոր լեգիտիմության աղբյուր, քանի որ երրորդ հանրապետության գաղափարախոսական հիմքերը՝ անկախություն և Արցախ, իրենց գոյաբանական իմաստով հակասում են նրա վարած քաղաքականությանը։ Արտաքին մակարդակով այս մոտեցումը ծառայում է միջազգային օրակարգին, մասնավորապես՝ այն պայմանավորված է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման փորձերով, որտեղ Հայաստանի պատմական պահանջներն ու ազգային ինքնիշխանության գաղափարները դիտարկվում են որպես խոչընդոտ։
Չպետք է թերագնահատել նաև արտաքին դերակատարների ազդեցությունը։ «Չորրորդ հանրապետության» գաղափարը սոսկ ներսից բխած նախաձեռնություն չէ․ այն համընկնում է միջազգային ուժերի ցանկությանը՝ Հայաստանը վերաձևակերպել որպես «կոմպակտ», պահանջներից ու անցյալի բեռից զերծ պետություն։ Այսպիսով, այն ոչ թե ինքնուրույն նախագծված ռազմավարություն է, այլ արտաքին սպասելիքների «տեղային թարգմանություն»։
Վերը թվարկած հանգամանքներից հետո եզրակացությունը հստակ է․ «չորրորդ հանրապետության» նարատիվը ոչ թե իրական պետականաշինության նոր փուլ է, այլ գոյություն ունեցող պետականության հիմքերի թուլացման փորձ։ Այն իշխանության լեգիտիմության կորստի պայմաններում ինքնահաստատվելու գործիք է և միաժամանակ արտաքին պարտադրանքների սպասարկում։ Այս մոտեցումը ոչ թե առաջընթացի խոստում է, այլ ինքնության և պետականության կազմաքանդման ուղի։
Միաժամանակ պետք է ընդգծել, որ եթե իսկապես առկա լիներ «նոր հանրապետություն» կառուցելու քաղաքական կամք, դրա հիմքում պիտի դրվեր անկախության հռչակագրի արդիականացումը, անվտանգության նոր ռազմավարության ձևավորումը և հասարակական համախմբումը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Սա կլիներ ոչ թե անցյալի ժառանգության մերժում, այլ դրա վերաիմաստավորում՝ նոր պայմաններում։ Հենց այսպիսի օրակարգն է իրական այլընտրանքնիշխանության առաջ քաշած կեղծ «չորրորդ հանրապետությանը», որի կարիքն իրականում ընդհանրապես չկա։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում