Բագրատ Սրբազան. Առաջին օրն ասել եմ, մեղադրողները մեղադրողներ չեն, զրպարտողներ են
Կարդացեք նաև
«18 արդարների գործ»-ով այսօրվա դատական նիստի մեկնարկին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ հայտնեց հանրային մեղադրողներին։
Նա, ներկայացնելով բացարկին վերաբերող փաստական հանգամանքները, մասնավորապես նշեց, որ գործի նյութերում առկա հեռախոսազրույցում առկա է ակնհայտ կեղծիք։
«Երկխոսության զգալի հատված դուրս է բերված երկխոսությունից քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար, ինչը հետագայում օգտագործվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում, Քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներում, ինչպես նաև վերջինիս ԱԺ ելույթներում»,-ասել է Խուդոյանը։
Նա նաև պարզաբանումներ է ներկայացրել դրանց վերաբերյալ։ Իր խոսքում նա ասել է, որ պաշտպանական կողմը խոսել է կեղծիքների մասին, սակայն մեղադրական եզրակացությունը հայտնվել է դատարանում, այդ կեղծիքների դեմ ոչ ոք պայքարելու ցանկություն ու միտում չունի։ Պաշտպանը նշել է, որ դատարանին կներկայացնի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ դատախազները գործի ելքով շահագրգռված անձինք են, նրանք նպատակ ունեն կոծկել սեփական սխալները։
«Հարգելի դատարան, ես հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել այս վարույթից։ Բացարկը հայտնում եմ իմ անունից, բացարկը հայտնում եմ իմ վստահորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից, և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը, բացարկը հայտնում եմ նաև Մխիթար Գոշի անունից»,-բացարկի միջնորդությունն ամփոփել է Խուդոյանը։
Իր ելույթում Բագրատ Սրբազանը հիշեցրել է, որ դատական առաջին նիստում դատախազներին անվանել է ոչ թե մեղադրողներ, այլ զրպարտողներ։
«Առաջին օրն ասել եմ, մեղադրողները մեղադրողներ չեն, զրպարտողներ են, և այդ խոսքս հիմք ունի։ Բնականաբար անպատասխանատու հայտարարություն չեմ արել, երեք ամսվա ընթացքում ես երեք հարց եմ հնչեցրել, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի ղեկավարին»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա մանրամասնել է, թե ինչի մասին են հարցերը։
«Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա։ Խորհրդարանի ամբիոնից իրար հերթ չտալով՝ զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են հենց այդ երկու հոգու գյուլելու ու 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ, առիթից օգտվելով, այն անձանց, որոնք հենդես են գալիս որպես մեղադրող։ Ի դեպ, շնորհավորում եմ, որ օրեր առաջ կոչում ստացան, մեդալ ստացան, դուք կարող եք մեզ շնորհակալություն հայտնել, Միքայել Սրբազանին, վստահ եմ առաջիկայում նաև Սամվել Կարապետյանին։ Ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Ինչի՞ն է վերաբերում երկու հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման»,-մեղադրողներին հարցեր է հասցեագրել Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում