Արցախի էջն իմ համար փակված չէ՝ ի տարբերություն գործող իշխանությունների․ Սարգսյան
Նմանատիպ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու ԱԺ նախագահի որոշման մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է.
«Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալո՞ւ են կապիտուլյացիայի իրենց մեղքն ուղարկել արխիվ: Իմ կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծումից հետո անդամներին ասել են՝ հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու: Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետն ուսումնասիրության համար: Այնուհետև մյուս թևին ասել են` դե որ խախտել են, ինչի՞ եք բերում ԱԺ, ինչո՞ւ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ: Պարզ է չէ՞, այնտեղ ուրիշ ինչ պիտի գտնեն, իրենք իրենց մեղքերն են գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում: Իհարկե, կլինեն ներդրված մարդիկ, որոնք կփորձեն հեքիաթներ պատմել, բայց նաև գերագույն գլխավոր հրամանատարն իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները»:
Երրորդ նախագահը չի բացառել, որ կարող են մեղքը բանակի վրա գցել: «Այդպես ասողներին միշտ պետք է պատասխանել հետևյալը. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենազադեցիկներն են: Մի դիրքի գրավման հետևանքով 70 -ից ավելի «Մարտական խաչով» պարգևատրեցին իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին: 3 նախագահները միասին վերցրած այդքան «Մարտական խաչ» չէին շնորհել: Այդ փաստերը հնարավոր չէ ուղղակի մոռանալ: Լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող մնա, հետո կտեսնենք»,-եզրափակել է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Արցախի էջն իր համար փակված չէ՝ ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք այդ էջը «փակված» են համարում, Արցախ վերադարձն էլ՝ «վտանգավոր», «անիրականանալի»։
«Մեր տարբերությունն այս իշխանությունների հետ միայն դա չէ, մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք՝ շատ սկզբունքային հարցերում։
Իհարկե, Արցախի էջը փակված չէ»,- շեշտեցլ է Սարգսյանն ու խորհուրդ տվել հետևել նաև այս հարցի շուրջ միջազգային հանրության դիրքորոշումներին։
«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»,- ամփոփելով խոսքը՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Իր խոսքում Երրորդ նախագահը նաև նշել է․ «Հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել 2026֊ի ընտրությանը: Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով, երբ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, որոշում կկայացնենք: Մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին: Այս փուլը չեզոք պատգամավորներին համոզելու փուլն է, որ միանան իմպիչմենթի գործընթացին: Ալմա Աթիի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ՝ եղել է հայ–ադրբեջանական սահմանների դելիմիտացիան–դեմարկացիան, բա ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում»:
Նախագահ Սարգսյանն ասել․ «Ալի՞ևն է ճանապարհն անվանում «Զանգեզուրի միջանցք», բոլորն էլ այդպես են անվանում, բացի Հայաստանի կառավարչից բոլորն այդպես են ասում։ Հայաստանի այսօրվա կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք Թուրանը միանա, դե թող միանա։ Չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»:
Սարգսյանը նաև ընդգծել է․ «Այն կառավարիչներն, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են, իբր Եռաբլուրի հողերը վաճառելու համար: Այնինչ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե, ձեր կարծիքով ինչո՞ւ են ձևակերպել «Եռաբլուրին հարակից տարածք», կարո՞ղ է հայերեն լավ չեն հասկանում. հայերենում հարակից նշանակում է շատ մոտիկ, մինչդեռ այդ հողերն ունեն հստակ հասցե՝ Իսակովի պողոտա։ Հիմա ես կարո՞ղ եմ այստեղից գնալուց ասել, որ ձախակողմյան հատվածը Եռաբլուրին կպած է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում