Հայաստանը հերթական անգամ մասնակցել է Էներգիայի և ռեսուրսների խնայման դպրոցական միջազգային ծրագրին

Ավարտվեց 2012 թ-ի համար հայտարարված «Էներգիան և շրջակա միջավայրը» միջազգային կրթական մրցույթը, որին մասնակցում էր նաև Հայաստանը:

ԱՊՀ և Արևմտյան Եվրոպայի 16 երկրների հետ միասին 2000 թ-ից Հայաստանը նույնպես մասնակցում է Եվրասիայի ամենարդյունավետ միջազգային կրթական ծրագրին՝ «Էներգիայի և ռեսուրսների խնայման դպրոցական ծրագիր» (SPARE) նախագծին:

Նախագիծը բնապահպանորեն կրթում և նպաստում է երեխաների մոտ ինքնուրույն մտածողության ու որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը, որպես իրենց ընտանիքի և արդյունքում’ հասարակության պատասխանատու անդամի ձևավորմանը:

Բազամաթիվ ուղղություններով իրագործվող գործողությունների շարքում, 5-րդ տարին է ինչ SPARE նախագիծը աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպում է նաև ամենամյա միջազգային դպրոցական մրցույթ, որի նպատակն է. մասնակից դարձնելով SPARE նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերը’ աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգիայի և ռեսուրսների խնայողության բնագավառում:

Մրցույթին ուսուցիչները մասնակցում են իրենց նորարար՝ ավելի արդյունավետ բնապահպանորեն կրթող մեթոդոլոգիաներով ու ծրագրերով, իսկ աշակերտները՝ էներգիայի և ռեսուրսների խնայմանն ուղղված իրենց տեսական և գործնական աշխատանքներով:

2012 թ-ի մրցույթը հայտարարվել էր համատեղ՝ ՀՀ Կրթության նախարարության և Հայաստանում SPARE նախագիծը համակարգող «Տապան» Էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից:

Ինչպես հայտնում են կազմակերպության լրատական բաժնից, Հայաստանի 7 մարզերի դպրոցների ուսուցիչներից և աշակերտներից ստացվեցին 50 մրցանակային աշխատանքներ: Դրանցից 15-ը արժանացան մրցույթի հանրապետական փուլի, իսկ մեկը՝ միջազգային փուլի մրցանակներին:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է «Նարեկացի» Արվեստի միությունում (ք.Երևան, Վարդանանց 16/1), ս/թ հուլիսի 19-ին ժամը 13-00-ին:

Մրցանակները հանձնելու են մրցույթի ժյուրիի անդամները՝ Կրթության և գիտության, Բնապահպանության, «Ալտերնատիվ էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի պատասխանատու ներկայացուցիչները:

«Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր»-ը (էՌՕԴԾ) միջազգային նախագիծ է (School Project on Application of Energy and Resourses – SPARE), որը հիմնվել և ֆինանսավորվում է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից 1996 թ-ից:

SPARE նախագիծը ներդրվել և իրագործվում է. Նորվեգիայում, Շոտլանդիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Մակեդոնիայում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելոռուսում, Մոլդովայում, Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում: Հայաստանը նախագծին միացել է 2000 թվականից, «Տապան» Էկո-ակումբ հասարակական կազմակերպության շնորհիվ, որն էլ մինչ օրս նախագծի հայաստանյան աշխատանքների համակարգողն է:

SPARE-ԷՌՕԴԾ կրթական նախագծի «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան 2010 թ-ից դասավանդվում է հանրապետության միջնակարգ դպրոցներում որպես առարկայական բաղադրիչ: Նախագծի շրջանակներում երեխաները տեղեկացվում են էներգիայի աղբյուրների տեսակներով ու դրանց ռացիոնալ օգտագործման ձևերով, սովորում են ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում ու դպրոցում’ լավագույնս ջերմամեկուսացնելով պատուհաններն ու դռները, ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպես վարվել առաջացող կենցաղային աղբի հետ, ինչպես հարաբերվել իրենց շրջակա միջավայրի հետ և պահպանել այն:

Նախագծի հիմնական մասնակիցները աշակերտներն են, սակայն, անուղղակի, գործունեության մասն են դառնում և նրանց ընտանիքի անդամները, և ընկերները, և մեծահասակ բարեկամներն ու հարևանները, որոնք ներգրավվում են դպրոցում ու տանը ծախսվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի չափումների ու ստացված արդյունքների քննարկման, ռեսուրսների ու տաքության տնտեսման ուղիների որոնումների մեջ:

SPARE-ԷՌՕԴԾ նախագծի շրջանակներում դպրոցներում տեղադրվել են «արևային ջրատաքացուցիչներ», վերանորոգվել և ջերմամեկուսացվել են դպրոցների պատուհաններ, կազմակերպվել են տարբեր ակցիաներ ու միջոցառումներ (տես կայքը՝ www.spareworld.org):

Հետևեք մեզ նաև Telegram-ում