«Կառավարելի քաոսը»՝ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական մեխանիզմ
Նմանատիպ
Ժամանակակից քաղաքական գործընթացներում քաոս ստեղծելը վաղուց այլևս միայն անկանխատեսելիության կամ անարդյունավետ կառավարման հետևանք չէ։ Այն դարձել է մի առանձին ինքնուրույն գործիք, մշակված մեթոդաբանություն, որի նպատակն է հասարակության մեջ ստեղծել մշտական լարվածություն, անորոշություն և հուզական մթնոլորտ, ինչի պայմաններում իշխանությունն իր գործողությունների համար կարող է ձևավորել կեղծ օրակարգեր, շեղել ուշադրությունը և վերահսկել հասարակական տրամադրությունները։
Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հենց այս մեթոդի դասական օրինակներից է։ Նկատելի է հստակ կառուցված ռազմավարություն, որի առանցքում ընկած է ոչ թե քաղաքական ծրագրերի իրականացումը կամ համակարգային բարեփոխումները, այլ մշտական ցնցումների ու հակասությունների արհեստական վերարտադրությունը։ Այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որպեսզի հանրային դաշտը երբեք չգտնվի հավասարակշռության կամ կանխատեսելիության վիճակում։ Քաղաքացին մշտապես պետք է ապրի անորոշության, վախի, սպասումների և հոգեբանական լարվածության մեջ, որպեսզի կորցնի իր քաղաքական կողմնորոշումը և դառնա կառավարելի զանգված։
Ըստ էության՝ Փաշինյանի թիմը մշտապես ստեղծում է իրարից, առաջին հայացքից, անջատ թվացող, բայց իրականում փոխկապակցված իրադարձությունների շղթաներ՝ սկանդալային հայտարարություններ, հապճեպ օրենսդրական նախաձեռնություններ, պատմական և արժեքային թեմաների արհեստական շահարկումներ, ներքին պառակտում խորացնող տեղեկատվական ալիքներ կամ ինչպես ինրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ»։ Այս ամենը ծառայում է մեկ հիմնական նպատակին՝ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ իրական քաղաքական պատասխանատվության հարցը մշտապես մղված է երկրորդ պլան։
Քաղաքական տեխնոլոգիայի այս մոդելը հիմնված է հասարակության հոգեբանական հոգնության և տեղեկատվական գերբեռնվածության վրա։ Երբ հանրությունը բախվում է անընդհատ փոփոխվող օրակարգերի, իրարամերժ գնահատականների և անընդհատ կիսատ թեմաների, այն աստիճանաբար կորցնում է իր ներքին վերլուծական կարողությունը։ Այդ պայմաններում իշխանության ցանկացած ձախողում կամ անհաջողություն այլևս չի ընկալվում որպես համակարգային խնդիր, այլ պարզապես որպես հերթական դրվագ «անորոշ ժամանակների» ֆոնին։
Սրա ամենաակնառու հետևանքը Հայաստանում հասարակության բևեռացումն է՝ ատելության և ապատիայի համադրությամբ։ Ապատիայի վիճակում ընկած քաղաքացին չի դառնում փոփոխության սուբյեկտ, իսկ ատելությամբ լցված զանգվածը հեշտությամբ ուղղորդվում է իշխանական քարոզչական մանիպուլյացիաներով։ Այդ կերպ Փաշինյանը ստանում է իր համար առավել հարմարավետ քաղաքական միջավայր, որտեղ ինքը՝ որպես իրավիճակների միակ մեկնաբան, կարող է ներկայացնել իրեն որպես «վերահսկող ուժ», որը իբր զսպում է անխուսափելի քաոսը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական գործառույթը վերածվել է ոչ թե պետության կառավարման, այլ այդ քաոսի՝ որպես կառավարման մոդելի պահպանման։ Այդ պատճառով ցանկացած կայունացում կամ հանրային համախմբում նրա համար վտանգավոր է՝ դա սպառնում է բացահայտել իրական պատասխանատվության շղթաները և բացահայտել արհեստական ճգնաժամերի տեխնոլոգիական բնույթը։
Հայաստանում ձևավորված «կառավարելի քաոսի» մոդելը ժամանակավոր արդյունավետության մեխանիզմ է, որը երկարաժամկետ առումով ոչ միայն քայքայում է պետական ինստիտուտները, այլև ոչնչացնում է հասարակական վստահության հիմքերը։ Փաշինյանը, քաղաքականությունը փոխարինելով մշտական աղմուկով, իսկ կառավարումը՝ մանիպուլյացիոն թատերականությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի հանրային գիտակցությունը կորցնի իր բանականությունը։ Ինչ վերաբերվում է քաոսի վրա կառուցված իշխանությանոը, ապա, որպես կանոն, այն միշտ էլ դատապարտված է ինքնաոչնչացման, քանի որ մի օր նույն քաոսը, որը սնուցում էր նրան, դառնում է իր իսկ քայքայման հիմնական ակունքը։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում