Մենք կկառուցենք Հայաստան, որը արտադրում է, պաշտպանում է և ստեղծում է. Անանյան

Մենք կկառուցենք Հայաստան, որը արտադրում է, պաշտպանում է և ստեղծում է. Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախկին նախագահ, նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը նշել է․ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը փոխվում է շատ արագ, իսկ պետությունները կանգնած են նոր մրցակցության դարաշրջանի առջև։ Ակնհայտ է, որ Հայաստանը այլևս չի կարող զարգանալ հին մոդելով՝ սպառման և ներմուծման հաշվին։ Ժամանակն է փոխել տնտեսական մտածողությունը, ձևավորել նոր ազգային մոդել, ստեղծարար, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան։

Մեր նպատակը պարզ է, բայց համարձակ։ Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով համաշխարհային շուկաներում։ Մենք պետք է վաճառենք աշխարհին ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա, արդյունք։ Սա է մեր նոր տնտեսական ճանապարհի էությունը, անցում սպառման տնտեսությունից դեպի արտահանելի և բարձր արժեք ստեղծող տնտեսություն»։

Նա ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը պետք է դառնա վերամշակող և բարձր տեխնոլոգիական ոլորտ։ «Հայաստանի հարստությունը չի կարող ընթերքից արդյունահանվել և տեխնոլոգիական պարզագույն փուլ անցնելուց հետո արտահանվել որպես հումք։ Արդյունահանված պաշարները պետք է վերածվեն այնպիսի պատրաստի արտադրանքի, որի արժեքը ոչ թե կրկնակի, այլ բազմակի անգամ գերազանցում է արտահանվող հումքի արժեքը»,-ասել է նա՝ նշելով, որ արդյունաբերությունը չի սահմանափակվելու հանքարդյունաբերությամբ, այլ իրենք նախատեսում են կառուցել արդյունաբերական գոտիներ ողջ Հայաստանում։

«Յուրաքանչյուր մարզում առնվազն երկու արդյունաբերական գոտի կլինի, որոնք կդառնան տնտեսության նոր դարպնոցներ՝ հագեցած ենթակառուցվածքներով, մաքուր վերականգնվող էներգիայով, ավտոնոմ համակարգերով»,-ընդգծելով, որ արդյունաբերական գոտիները դառնալու են ոչ միայն արտադրական, այլև ներդրումային հարթակներ, որտեղ Հայաստանյան և սփյուռքի կապիտալը միավորվելու են, ստեղծելու ազգային արդյունաբերության նոր քարտեզ։

«Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ողնաշարն է։ Այն պետք է դառնա ոչ թե գոյատևման ոլորտ, այլ զարգացման հենասյուն։ Նպատակը սննդամթերքի, այդ թվում ռազմավարական ապրանքների ինքնաբավության ապահովելն է, որպեսզի երկիրը կախված չլինի արտաքին շուկաներից։ Բայց մենք այլևս չենք սահմանափակվելու ինքնաբավության գաղափարով։ Մեր նպատակն է ստեղծել գյուղատնտեսական արտադրություն, որը կարտադրի ոչ միայն մեր սպառման, այլ նաև արտահանման համար»։

Անանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի նոր տնտեսական մոդելը անհնար է առանց սփյուռքի ներուժի։ «Մեր տեսլականում սփյուռքը այլևս նվիրատու չէ, այլ համահեղինակ և համասեփականատեր։ Մենք կստեղծենք միասնական տնտեսական դաշտ, որտեղ սփյուռքի գործարարները, ինժեներները, գիտնականներն ու ներդրողները գործելու են նույն կանոններով, ինչ Հայաստանի քաղաքացիները առանց արհեստական խոչընդոտների։ Սա է մեր համահայկական տնտեսության մոդելը, Հայաստան՝ որպես գլոբալ հայկական տնտեսության կենտրոն»։

Նա նաև ընդգծել է, որ փոքր ու միջին բիզնեսի համար ներդրվելու են նվազագույն հարկային ռեժիմներ նորարարական գաղափարները խթանելու համար։
«Մեր երկիրը փոքր է, մենք չենք կարող մրցել մեծությամբ, բայց կարող ենք հաղթել արագությամբ, ճկունությամբ և մտքի ուժով։ Հայաստանը դառնալու է աշխարհագրորեն փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր։ Մենք կզարգացնենք ռազմարդյունաբերությունը, ինտեգրելով բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ռոբոտատեխնիկա և կիբեր անվտանգություն։

Մեր նպատակը պարզ է, Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն պաշտպանվել, այլև ստեղծել պաշտպանական տեխնոլոգիաներ, որոնք կարտահանվեն համաշխարհային շուկաներ։
Բացի այդ, Հայաստանը պետք է զարգացնի իր իրական մասնակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում։ Տիեզերքը ոչ թե հեռու երազ է, այլ նոր տնտեսական սահման՝ փոքր աշխարհագրություն ունեցող երկրների համար։ Այնտեղ մենք կարող ենք լինել խելքով, ոչ թե ծավալով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում