Ջերմագին ողջույններ «Բոկո հարամ»-ից Ադրբեջանին

Ջերմագին ողջույններ «Բոկո հարամ»-ից Ադրբեջանին

Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Իրաքի եւ Սիրիայի զգալի տարածքները զավթած եւ այնտեղ ահաբեկչական վարչակարգ ստեղծած «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կրոնական ծայրահեղական խմբավորմանը, նիգերիական արմատական «Բոկո հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբեքր Շեկաուն ողջույններ է հղել իր ադրբեջանցի եղբայրներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը` նշելով, որ Նիգերիայի քաղաքներից մեկում տեղաբնակներին քարոզ կարդալու ժամանակ Աբուբեքր Շեկաուն հիշատակել է նաեւ Ադրբեջանը:

Գործակալության տրամադրության տակ հայտնված 40 րոպե տեւողությամբ տեսանյութում իր մերձավորների հետ զրահատեխնիկայի վրա կանգնած Շեկաուն տեղացիներին հայտարարել է, որ «խաիլֆայություն» է ստեղծում Նիգերիայում, եւ որ իր կողմից զավթված բոլոր բնակատեղիներում արդեն գործում են շարիաթի օրենքները:

Նա հայտարարել է նաեւ «Իսլամական պետության» նկատմամբ իր աջակցությունը: Շեկաուն հայտարարել է, որ պատրաստվում է իր տարածքները միավորել համաշխարհային «խալիֆայությանը»:

«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր արդեն բնակվում են Իսլամական պետությունում: Հատուկ ցանկանում եմ ողջույններս հղել մեր եղբայրներին Ադրբեջանում, Աֆղանստանում, Պակիստանում, Չեչնիայում, Եմենում եւ Սոմալիում», -հայտարարել է «Բոկո հարամ»-ի առաջնորդը:

Նիգերիայում գործող «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորումը, որը մի քանի ամիս առաջ մեծ թվով աշակերտուհիների էր առեւանգել, համարվում է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման բաղկացուցիչ մասը:

«Ֆրանս Պրես»-ը հիշյալ տեսանյութը չի հրապարակել նրա քարոզչական ուղղվածության պատճառով` նյութում տեղադրելով միայն մի քանի լուսանկար տեսահոլովակից: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջերս կազմել էր «համաշխարհային խալիֆայության» քարտեզը, որի կազմում եղել էր նաեւ Ադրբեջանը: Ներկայում Իրաքում եւ Սիրիայում Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացի ջիհադականներ են կռվում «Իսլամական պետության» կազմում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` Սիրիայում պատերազմի սկզբից մինչ այժմ ԻԼԻՊ-ի կազմում կռվող 200-ից ավելի ադր? ?եջանցի մոջահեդներ են ոչնչացվել:

2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ` հանուն հավատի) անել Սիրիայում:

Որոշ դիտորդների կարծիքով, Սիրիայում եւ Իրաքում ընթացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան: Եթե նախկինում ենթադրվում էր, որ այդ թշնամությունը տեղի է ունենալու շիա եւ սունի արմատական վահաբիների միջեւ, ապա այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջեւ: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից ԻԼԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջեւ, ինչը գնալով ավելի է խորանում:

Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված ասել էր, որ իսլամիստական խմբավորումների մարտիկների` Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում