Ադրբեջանում ձևախեղվել է լրագրողական հիմնական սկզբունքը՝ ծառայել ճշմարտությանը. «Թուրանի» տնօրեն

Ադրբեջանում ձևախեղվել է լրագրողական հիմնական սկզբունքը՝ ծառայել ճշմարտությանը. «Թուրանի» տնօրեն

Ադրբեջանցի լրագրող և բլոգեր Մեհման Հուսեյնովը չի կարողացել մասնակցել ԵԱՀԿ Հարավկովկասյան ԶԼՄ-ների 11-րդ համաժողովին, քանի որ նրան հնարավորություն չի տրվել Թբիլիսի մեկնել Բաքվի օդանավակայանից: Այս մասին համաժողովի ընթացքում իր ելույթում հայտարարեց «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: «Նոր տեղեկացա, որ օդանավակայանում բերման է ենթարկվել հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը: Իմ տեղեկություններով՝ նա գալիս էր մասնակցե լու այս համաժողովին»,-ասաց Ալիեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ համաժողովը, որտեղ ադրբեջանական իշխանությունների խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները քննարկման ու քննադատության առարկա են դարձել, հնարավորություն էր նաև ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Թուրան» գործակալության համար բարձրաձայնել առկա խնդիրները:

Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումները բուռն քննարկման առիթ էին ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրենի համար. «Մեր երկրում շատ լուրջ խնդիր կա. ԶԼՄ-ները չեն կարողանում կատարել իրենց կարեւորագույն խնդիրը՝ մարդկանց տալ ճշգրիտ տեղեկություն և համապատասխանորեն լուսաբանել ցանկացած հարց: Մեզ մոտ ձևախեղվել է լրագրողական հիմնական սկզբունքը՝ ծառայել ճշմարտությանը»:

Մեհման Ալիեւը նշեց, որ այսօր Ադրբեջանում բանտերում են 11 լրագրող եւ 6 բլոգեր: Ալիևն անդրադարձավ նաև իր գործակալության դեմ կիրառված ճնշմանը: «Վերջին յոթ տարիների ընթացքում մեզ չեն թույլ տալիս ներկա լինել պետական միջոցառումներին, չեն տրամադրում մեր պահանջած տեղեկատվությունը: Ես ամեն անգամ օդանավակայանում թե՛ մեկնելիս, թե՛ վերադառնալիս մանրամասն զննման են ենթարկվում, լրացնում եմ հայտարարագիր, թե ինչքան գումարով եմ մեկնում, ինչքանով վերադառնում, անցած անգամ նույնիսկ ֆլեշ-կրիչիս ողջ տեղեկությունները պատճենեցին»,- ասել է Ալիևը:

Երկօրյա մեդիակոնֆերանսի մասնակիցները կքննարկեն թվային դարաշրջանում հեռարձակողների առջեւ ծառացած մարտահրավերները, առկա հնարավորություններն ու ռազմավարական դիլեմաները: Անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խոսքի ազատության ոլորտում վերջին զարգացումներին: Միջոցառումը միջազգային փորձագետների հետ մեկ սեղանի շուրջ է բերել Հար ավային Կովկասի կառավարությունների, լրատվամիջոցների, հասարակական սեկտորի, գիտական շրջանակների 70 ներկայացուցիչների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում