Դամասկոսում կրկին ահաբեկչություն է եղել. Զոհվել է երկրի պաշտպանության նախարարը
Նմանատիպ
Դամասկոսի Ազգային հետախուզական ծառայության շենքի դիմաց ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան, լուրջ վնասվածքներ են ստացել ներքին գործերի նախարար, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս մասին տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանդիպման այլ մասնակիցներ նույնպես լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Միաժամանակ զինյալները հայտարարում են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի հաղորդմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:
Ընդդիմադիրների տեղեկություններով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Դամասկոսում կառավարական ուժերի 60 զինվոր է սպանվել, իսկ օդում ռազմական ուղղաթիռ է խփվել: Իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, որ Դամասկոսում «ահաբեկիչները» շրջափակվել են և գործողություն է իրականացվում նրանց վերացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում