Տեր Վրթանեսը պատմել է, թե ինչպես են ԱԱԾ-ն և քննչականը ներխուժել իր տուն

Տեր Վրթանեսը պատմել է, թե ինչպես են ԱԱԾ-ն և քննչականը ներխուժել իր տուն

Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։

«Խուզարկությունը տևել է շուրջ 12 ժամ, և այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների: Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են»,- ասել է Տեր հայրը։

Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավվել են նաեւ երեցկնոջ եւ չորս երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության քարտերը:

Ըստ նրա՝ սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երեցկնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև երեխաների կրթական իրավունքին։ Քահանայի ընտանիքն այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից՝ դպրոցական և ուսանողական աշխատանքներն իրականացնելու համար։

Տեր Վրթանեսը նշել է նաև, որ քննչական ծառայության և ԱԱԾ-ի աշխատակիցները առավոտյան ներխուժել են Բյուրականի Վրթանես քահանա Բաղալյանի տուն:

«Գիշերազգեստով էի, ժամը 7-ն էր, չեն թողել, որ հագուստս փոխեմ, քացով խփել են շանս, վախի մթնոլորտ ստեղծել: Տանը փաստաթղթեր կամ զենք-զինամթերք էին փնտրում:

Անչափահաս աղջիկս շատ է վախեցել, հայրիկս ծանր վիրահատված է, նա ևս շատ անհանգստացավ: 12 ժամ պահել են Քննչական կոմիտեում, չեն թողել, որ ոչ մեկի հետ խոսեմ, անգամ պատասխանեմ հարազատներիս զանգերին:

Ինքնազգացողությունս վատացել էր, բարձրացել էր արյան ճնշումը և շաքարս: Քիչ ուշ Տեր Գարեգինին, Տեր Մխիթարին բերեցին քննչական:

Ինձ դիմում էին «Հովհաննես Բաղալյան ավազանի անունով», – պատմել է Տեր Վրթանեսը:

Հոգևորականի խոսքով, խաթարվել է նաև Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորությունը, քանի որ Եկեղեցու հովիվ Տեր Մխիթարը պսակ ուներ այդ օրը կատարելու, հատուկ ձգել են ժամանակը, որ երկար մնա և չկարողանա Եկեղեցում պսակադրություն իրականացնել:

«Առգրավել են հեռախոսները, ստացական չեն տվել, երեխաներս անհեռախոս են մնացել, երկու երեխաներս ուսանող են: Մեր ընտանեկան կյանքը խաթարվել է:

Վաղը Տեր Արամը կարող է մեկ այլ բան ասել, նորից պետք է մտնեն իմ տուն, խուզարկե՞ն, եթե ես նման հայտարարություն անեմ, կմտնե՞ն իր տուն: Այս ամենը Փաշազադեից եկած հրահանգ էր, որ ՀՀ-ի 10 թեմերից մեկի ծառայությունը կաթվածահար անեն: Առգրավել են նաև թեմի համակարգիչները, 37 թիվն է:

Ես նման անմարդկային վերաբերմունքի չեմ արժանացել 47 տարվա մեջ: Երբեք թույլ չեմ տվել, որ անհարգալից վերաբերվեն իմ հանդեպ: 44-օրյա պատերազմին կամավոր մասնակից եմ եղել, բանակում հոգևոր սպասավոր եմ եղել, գերպարտաճանաչ եմ հայրենիքիս հարցում, նման վերաբերմունքի արժանի չէի»,- ընդգծել է հոգևորականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում