Դատապարտում ենք արտահայտված խոսքի կապակցությամբ Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Դատապարտում ենք արտահայտված խոսքի կապակցությամբ Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը: Այս մասին ասված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ:

«Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ:

Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:

Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝

վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,

նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,

պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։

Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.

Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:

Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:

Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում