Ինչքան էլ ՔՊ-ն փորձի վարչական ռեսուրս կիրառել, վստահ եմ, որևէ արդյունքի չի հասնի Վաղարշապատում․ Վանեցյան
Նմանատիպ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավին, ասել է․ «Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը։ Վերջին առնվազն 5-6 տարիներին իմ նպատակը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից, ՔՊ-ին իշխանազրկել։ Սա այն քայլերից է, որ մենք պետք է անենք Վաղարշապատում։ Վստահ ենք, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը»։
Հիշեցնենք՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։
Արթուր Վանեցյանն ասել է, թե ցանկացած ընդդիմադիր ուժի հետ պատրաստ են համագործակցել․ «Բաց ենք համագործակցության համար, բայց ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք»։
Վանեցյանը նաև նշել է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել Վաղարշապատի ընտրություններին։
«Վերջին շրջանում հարձակում է իրականացվում հայ առաքելական եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը ողջ հայության հոգևոր մայրաքաղաքն է, հենց այդ տեսանկյունից պետք է նայենք հարցին։ Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքն ասի։ Այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում»,-ասել է նա։
«Հայրենիք» կուսակցության նախագահն ընդգծել է, որ իր կուսակցությունը Վաղարշապատում իշխանության կիրառած վարչական ռեսուրսի դեմ կպայքարի իր աշխատանքով։
«Ինչքան էլ նրանք փորձեն վարչական ռեսուրս կիրառել, ես վստահ եմ, որ որևէ արդյունքի չեն հասնելու»։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես ամբողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ Վաղարշապատում, ունի այնքան ցածր վարկանիշ, որ նույնիսկ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում չի կարող հաջողության հասնել։
«Կարող են անել միայն մեկ բան՝ գործի դնել իրավապահ համակարգը և սկսել ապօրինի ձերբակալություններ, ինչն արդեն տեսնում ենք վերջին շրջանում։ Մենք վախենալու բան չունենք․ որևէ խախտում չենք արել և վստահաբար գնում ենք դեպի հաղթանակ»,– նշել Վանեցյանը։
Նա չի բացառեցլ որ Վաղարշապատում էլ հնարավոր են հետապնդումներ իրավապահների կողմից, ձերբակալություններ։ «Բայց մենք վախենալու բան չունենք, որևէ ապօրինի բան չենք արել, և գնում ենք դեպի հաղթանակ»,-ասել է կուսակցության նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում