Ամուր պահեք կապը Եկեղեցու հետ․ Նաթան Սրբազան
Նմանատիպ
Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունել է Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։
Հանդիպմանը Սրբազան Հայրը միության անդմաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները։
Շնորհավորելով ՀՕՄ-ի հիմնադրման 115-ամյակի առթիվ՝ Նաթան արքեպիսկոպոսը գոհունակությամբ արձանագրել է սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում կազմակերպության անուրանալի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, և մասնավոր անդրադարձ է կատարել հայրենազրկված արցախահայերին ցուցաբերած աջակցությանն ու զորակցությանը։
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նաթան Սրբազանը հորդորել է ՀՕՄ-ի անդամներին գործուն ներգրավվածություն ունենալ դրանց հաղթահարման գործում։
Վերջում Սրբազան Հայրը պատգամել է ներկաներին ամուր պահել կապը մայր հայրենիքի և Հայոց Եկեղեցու հետ, նախանձախնդրորեն շարունակել իրենց օգտակրությունը բերել հայորդիներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում