Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին
Նմանատիպ
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի:
Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնել է Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծել է, որ նորաօծ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն մեր ժողովրդի հոգևոր կյանքին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընծաներին քահանայական օծման և ձեռնադրության առիթով՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:
Նորին Սրբությունն անդրադարձել է քահանայական կոչմանը և հոգևոր սպասավորության կարևորությանը՝ արձանագրելով, որ մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և Եկեղեցուն։ Վեհափառ Հայրապետը հորդորել երիտասարդ եկեղեցականներին իրենց ծառայության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, մշտապես ունկնդիր հավատավոր հոտի կարիքներին։ Հայոց Հովվապետը պատգամել է կյանքի փորձությունների ու դժվարությունների առջև չվհատվել, դրանք հաղթահարել հավատով ու հույսով՝ իրենց նկարագրով ու պահվածքով բարի օրինակ լինելով իրենց համայնքների համար։ Հոգևոր առաքելության արդյունավորման ճանապարհին Նորին Սրբությունը թելադրել է առաջնորդվել անսակարկ սիրով, զոհողության ու հանձնառության ոգով։