Նիկոլ Փաշինյանի որոշումներն օրինական ուժ չունեն․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի որոշումներն օրինական ուժ չունեն․ Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Սոս Հակոբյանը նշում է․ «ՀՀ-ում ամենահայտնի «մեդիաբլոգերն» այսօր առավոտյան մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ արտահայտել է հետևյալ միտքը․ ըստ նրա՝ «քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ապա, ըստ ՀԱԵ կանոնագրքի, նրա գործողությունները ոչ լեգիտիմ են, կարգալուծ եղած են, այդ թվում՝ Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու որոշումն իրավաչափ չէ»։

Այս նույն տրամաբանության շրջանակում ցանկանում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
ա) Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, թե՞ ոչ,
բ) Փաշինյանի ընդունած որոշումներն ունեն իրավական ուժ, թե՞ ոչ։
Ես չեմ անդրադառնա բոլոր խնդիրներին, պարզապես կվերցնենք մի քանի օրինակ։

Թեմայի հետ կապված՝ Սահմանադրության կարգավորումները, որը մեր հիմնական օրենքն է և, ի տարբերություն ՀԱԵ կանոնագրքի, ունի նորմատիվ նշանակություն բոլոր քաղաքացիների համար, կարող են ապահովել իշխանության լիազորությունների սահմանային շրջանակը։
Ի՞նչ է ասում Սահմանադրության 17-րդ հոդվածը․ առաջին մասը սահմանում է, որ ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, իսկ երկրորդ մասը նշում է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։

Սահմանադրության երկրորդ գլուխը կարգավորում է անձի հիմնարար իրավունքները՝ այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը։

Տվյալ հոդվածն ասում է, որ կրոնական կազմակերպությունները իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ։

Անցկացնենք մի իրավական թեստ՝ օգտվելով Սահմանադրության ամենաբազիսային հոդվածներից մեկից՝ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքից։

Ըստ այդ սկզբունքի՝ պետական և ՏԻՄ մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնցով օժտված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Չելենջ եմ անում ՔՊ-ամերձ շրջանակներին՝ թող գտնեն գեթ մեկ հոդված կամ նորմ, որը հնարավորություն և լիազորություն է տալիս Փաշինյանին խառնվել Եկեղեցու գործերին այն իմաստով, որ որոշի, թե ով պետք է լինի ՀԱԵ-ի՝ որպես կրոնական կազմակերպության, ղեկավարը և ինչպես պետք է Եկեղեցին պատասխանատվություն կրի իր խախտումների մասով։
Եթե գտնեն՝ շատ հետաքրքիր բանավեճ կստացվի։

Խնդրում եմ տգետ և հիմարության աստիճանի պնդումներ չանել, թե Նիկոլ Փաշինյանը գործել է օրենքի շրջանակում՝ որպես վարչապետ և առանձին՝ որպես քաղաքացի։
Որևէ երկրի վարչապետ, հանդես գալով հանրային կերպով, չի կարող իրեն տարբերակել՝ որպես պետական պաշտոնյա և որպես շարքային քաղաքացի։

Կիրակի օրը՝ Հովհաննավանքում ՔՊ-ականների համար կազմակերպված արարողության ժամանակ, ինչպես նկատեցիք, Փաշինյանը մենակ չէր․ նրա հետ էին անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը, որոնք ոչ միայն ապահովում էին այդ ծեսի անվտանգ անցկացման պայմանները, այլև թույլ չէին տալիս, որ Հովհաննավանքի օրինական քահանան՝ նշանակված Մայր Աթոռի կողմից, մոտենա և մատուցի օրինական ծառայություն։

Այսինքն՝ Փաշինյանն օգտագործեց բոլոր պետական միջոցները, որպեսզի Եկեղեցին զրկված լինի Հովհաննավանքում հոգևոր ծառայություն իրականացնելու հնարավորությունից և յուրացրեց եկեղեցու գործառույթները՝ այնտեղ իր ցանկությամբ մեկին նշանակելով։
Սա խոսում է այն մասին, որ իշխանությունը խառնվել է Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության, ներքին գործերին։

Ինչպես գիտենք, դատական իշխանությունը կոչված է լինելու անկախ, և «անկախություն» եզրույթը հենց դրան է վերաբերում։

Կա մի մարմին՝ ԲԴԽ-ը, և Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ այն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը։
Պատկերացրեք՝ ինչ աստիճանի անկախությամբ և ինքնուրույնությամբ պետք է օժտված լինի այն սահմանադրական մարմինը, որն իր հերթին ապահովում է դատարանների անկախությունը։
Սակայն ոչ վաղ անցյալում այդ մարմնի ղեկավարին Փաշինյանը ազատել է աշխատանքից SMS հաղորդագրությամբ։

Ազատել՝ որովհետև այդ գործընթացն այլ կերպ որակել չի կարելի, քանի որ երկու կողմերն էլ հաստատել են այդ փաստը։

Այս օրինակներից ելնելով՝ յուրաքանչյուր քաղաքացի, ընդունելով Փաշինյանի կիրառած տրամաբանությունը որպես իրական, կարող է ինքնուրույն պատասխանել՝ լեգիտիմ է նա, թե՞ ոչ, և արդյոք իր ընդունած որոշումներն ունեն իրավական ուժ, թե՞ ոչ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում