Քաղաքական, անգամ գաղափարական հակառակորդներից ամեն գնով ազատվելն այս իշխանությունների համար դարձել է սևեռուն միտք և օրինաչափ գործելակերպ. «Միասնության թևեր»
Նմանատիպ
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Դավիթ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է. «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն արձանագրում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթները պահվում են այնքան ժամանակ մինչև քաղաքական պահանջ չառաջանա` հօգուստ ՔՊ-ի քարոզչության դրանք օգտագործելու նպատակով։ Մասնավորապես, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019 թ.-ին, սակայն դատավճիռը հրապարակվեց 6 տարի անց միայն։
Իշխանությունները, անշուշտ, սա «պատահականություն» են համարում և որևէ կապ չեն տեսնում այն փաստերի հետ, որ Դավիթ Համբարձումյանը 2021թ-ին վստահ հաղթանակ էր տարել ՏԻՄ ընտրություններում, իսկ 2024 թ.-ից խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես նոր վարչապետի թեկնածու գործող վարչապետի իմփիչմենթի դեպքում։
Հիշենք, որ իշխանությունները քաղաքական-քրեական հետապնդումներ են իրականացրել նաև այլ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ:
Հատուկ արձանագրում ենք, որ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ, բայց քննությունն ու դատական պրոցեսները պետք է ընթանան այնպես, որ քաղաքական հետապնդման առերևույթ տպավորություն չստեղծեն անկախ դիտորդի մոտ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում