Խուդաթյանը խոսում է ՔՊ-ական ֆեյքերի մակարդակով. Հարությունյան
Նմանատիպ
«Դավիթ Խուդաթյանի ասածը բնորոշում է նրա ցածր քաղաքական ինտելեկտը, եթե կուզեք քաղաքական տհասությունը»,-նման որակում է տվել «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական նախարարը երեկ ասել է, որ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների մասնակից ընդդիմադիր չորս ուժերը քոչարյանական են, ընտրությունը պետք է կատարվի ըստ էության Փաշինյանի և Քոչարյանի թեկնածուների միջև։
«Գյումրին ցույց տվեց, որ Արթուր Վանեցյանի կուսակցությունը քոչարյանական է»,-մասնավորապես նշել էր Խուդաթյանն ու ավելացրել, որ չորս ուժերին ձայն տվող քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց ձայնը տալիս են Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնի համար «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է Էջմիածնի պատվավոր քաղաքացի, հրապարակախոս, գրող Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը։
«Ի՞նչ է նշանակում հայտարարություն անել ու չբերել գոնե մեկ հիմնավորում։ 0 հիմնավորում։ Ասում են՝ Գյումրիում սատարել եք։ Այսինքն, մենք պետք է թույլ տայի՞նք, որ Գյումրիում կամ այլ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունենա իշխանություն։ Բոլոր համայնքներում, որտեղ հնարավոր է «Քաղաքացիական պայմանագրին» զրկել իշխանությունից, մենք այդտեղ լինելու ենք առաջամարտիկի դերում, ինչպես եղել ենք»,-ասել է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։
Բ. Հարությունյանի խոսքով, տարիներ շարունակ կուսակցության առաջնորդի ու մյուս անդամների պայքարը այ ընթացքում եղել է բոլորի աչքի առաջ, անցել են քաղաքական հալածանքների միջով։
«Ու հիմա նայում ես, նախարարի պաշտոնը զբաղեցնող մեկը խոսում է իշխանական ֆեյքերի մակարդակով։ Այդ ֆեյքաբուծարանի մարդկանց գրառումներն ու այդ նախարարի հայտարարության միջև զրո տարբերություն է։ Սա ամոթ է բոլորիս համար, որ դեռևս ունենք նման իշխանություն»,-ասել է Հարությունանը։
Թե ինչու են իշխանության ներկայացուցիչներն անցել նման խոսույթի, Բաբկեն Հարությունյանն ունի իր տեսակետը։ Նրա խոսքով, դրա պատճառ է դարձել Խաչիկ Մանուկյանի առաջարկն ուղղված ընդդիմադիր կուսակցություններին և դաշինքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում