Օմանում սկսվել է Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը

Օմանում սկսվել է Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում նոյեմբերի 11-ին սկսվում է միջազգային միջնորդների «վեցյակի», ԵՄ-ի եւ Իրանի բանակցությունների հերթական փուլը:

Միջազգային միջնորդների «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա), Իրանը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային ծրագիրը միջազգային հսկողության տակ դնելու եւ դրա խաղաղ բնույթը հաստատելու շուրջ՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական չեղարկման փոխարեն:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրյակին չպլանավորված հանդիպում են անցկացրել, որի ընթացքում մամուլի համար փակ դռների հետեւում շարունակել են քննարկել Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ ընթացիկ բանակցություններում կողմերը, ինչպես սպասվում է, կարող են պայմանավորվածության հասնել համապարփակ համաձայնագրի կնքման հարցերի շուրջ:

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը նշել Է, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը փաստորեն համաձայնեցված է, բացի պատժամիջոցների չեղարկման հարցից: Ինչպես հրատարակությանը հայտնել է ռուսական դիվանագիտական մի աղբյուր, չլուծված է մնում, ըստ էության, «միայն մեկ հարց՝ պատժամիջոցները հանելու ընթացակարգը, փաստորեն համաձայնագրի բոլոր տեխնիկական մանրամասներն արդեն համաձայնեցված են, մնում են որոշ տարաձայնություններ, բայց դրանք բոլորն էլ լուծելի են քաղաքական կամքի առկայության դեպքում»:

Աղբյուրը պարզաբանել է, որ Իրանը ցանկանում է պատժամիջոցների ամբողջական չեղարկում համաձայնագրի հրապարակման օրը: Մինչդեռ, նրա խոսքով, այդ տարբերակն անիրատեսական է: «Կան միակողմանի պատժամիջոցներ, կան միջոցներ, որոնք ձեռնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Դրանց չեղարկման գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշել է թերթի զրուցակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում