Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. երկրորդ դատավորը նույնպես մերժել է

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. երկրորդ դատավորը նույնպես մերժել է

Դատախազությանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը ժամեր առաջ մերժել է փոխել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։ Հանրային մեղադրողներն այսօր արդեն երկրորդ դատավորին էին նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրել, սակայն, ինչպես դատավոր Գիվի Հովհաննիսյանը, այնպես էլ Արամ Գրիգորյանը, չի բավարարել այն։

Հատկանշական է այն որ միջնորդության քննությունը պետք է տեղի ունենար ժամը 14:30-ին, սակայն դատավորն անձնական պատճառներով չէր ներկայացել նիստին։ Ավելի ուշ պարզվել էր, որ դատավորի եղբայրն է մահացել։ Այս հանգամանքը, սակայն, պատճառ չի դարձել, որ միջնորդությունը երկրորդ նիստով չքննվի. ժամը 14:30-ի՝ հետաձգված նիստը շարունակվել է 17:30-ին՝ կրկին դռնփակ ռեժիմով։

Քննությունը տևել է կես ժամ, ինչից հետո ՀՀ երրորդ նախագահն ու պաշտպանը դուրս են եկել դատարանից, որտեղ էլ փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ Գրիգորյանը մերժել է հանրային մեղադրողների միջնորդությունը։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, որից հետո Դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը, այդ պատճառով միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում