Ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ․ Բագրատ Սրբազան

Ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ․ Բագրատ Սրբազան

Այսօր Շենգավիթի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր «18 արդարների» գործը, իր խոսքում Բագրատ Սրբազանը նշել է․ «Ոչ հայցելու ենք ձեզանից՝ կալանքը փոխել, ոչ էլ որևէ բան։ Անդրադառնամ մի փաստի, որին անցյալ շաբաթ այս դատարանում հնչեցրել եմ։ Մեկ շաբաթ առաջ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցի, որ քննչական կոմիտեի ղեկավարը, մեղմ ասած, անպատասխանատու հայտարարություն է արել և խիստ ասած՝ զրպարտություն և ակնհայտ փաստերի կեղծում է  տեղի ուենցել։

Առնվազն երկու դեպքով՝ մեկը «գյուլլելու» և «15 հոգու բանտ դնելու» փաստի հետ, որից իրենք ակնհայտորեն խուսափում են, երկրոդը, որ իբր իմ ձեռքով գրված կա «ահաբեկչության պլանավորում» արտահայտությունը։ Մնացածը կպարզվի։ Մենք որոշել ենք, որ ակնհայտ կեղծիքի ակնհայտ զեղծարարության առումով հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քննություն սկսվի քննչական կոմիտեի ղեկավարի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ։

Ապշած եմ, որ հանրային մեղադրողը կարող է վեր կենալ, խոսել բաների մասին, «հանցագործ», «հանցակազմ», «հանցախումբ» և այլ լիքը բառեր ասել, համարելով, որ դրանք տերմինաբանություններ են, ես համարում են, որ դրանք վարկաբեկումներ են, չպատասխանելով այն հարցին, թե այդ բոլոր գաղտնալսումները փորձաքննություն անցել են, թե՞ ոչ։ Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում թե գերեզմանում, դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք։ Ես չգիտեմ որտեղից է եկել այդ թուղթը, որ ասում են, թե իմ ձեռքով է գրված․ ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ դա սարքել են ու կցել գործին»։

Դատարանի որոշմամբ, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, 3 ամսով երկարացվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ժամկետը։

«Դատարանը լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, յուրաքանչյուրի դիրքորոշումները, որոշեց՝ մեղադրյալ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն վերացել, այլընտրանքային խափանման միջոցներով քրեական վարույթի ներկա փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, նման պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է  երեք ամիս ժամկետով»,- հայտարարել է դատավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում