Արշակ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ

Արշակ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել՝ որպես վկա։ Քրեական վարույթներից մեկը, որով Արշակ Սրբազանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, վերաբերում է իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը, հարցաքննության ընթացքում Սրբազանը հայտնել է, որ  տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը՝ «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։

«Հաշվի առնելով, որ բոլորս գիտենք, թե այս ամենը որտեղից է գալիս, ով է այս ամենի թիկունքում կանգնած, ակնհայտ է, որ սա  Եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում, Սրբազանը հայտնել է, որ չի  վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց »,- ասել է Բաբայանը։

Փաստաբանը նշել է, որ տեղեկություն չունի, թե ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը, արդյո՞ք Սրբազանի դեմ արդեն կան ցուցմունքներ, սակայն նշում է, որ անհեթեթությունները, ինչի շուրջ նախաձեռնված են քրեական վարույթները, նման զազրախոսություններ կարելի է տեսնել կարգալույծ եղած հոգևորականների և եկեղեցու հետ որևէ առնչություն երբևէ չունեցած  անձանցից, որոնք իրենց համարում են հոգևորական․ « Այն, ինչի շուրջ եղել են հարցաքննությունը, այդ հանգամանքներն ամբողջությամբ հրապարակային կան»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում