Դատաիրավական համակարգը դարձել է Փաշինյանի ձեռքին բութ գործիք․ Սաղաթելյան

Դատաիրավական համակարգը դարձել է Փաշինյանի ձեռքին բութ գործիք․ Սաղաթելյան

Այսօր ՀՀ դատախազության շենքի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Մենք հույս չենք դնում իրենց հոգին ու խիղճը Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դատավորների վրա, մենք նման հույսեր չունենք, որովհետև իրենք ապացուցել են, որ այսօրվա դատաիրավական համակարգը դարձել է Փաշինյանի ձեռքին բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու և բռնաճնշումներ գործադրելու, կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար․

Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունն ու բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու ու  շարունակելու է, հետևաբար՝ այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»։

Ըստ նրա՝ երկրում կա 50-ից ավելի քաղբանտարկյալ՝ բարերար, սրբազան հայրեր, բլոգերներ, պատգամավորներ, լրագրողներ, շարքային քաղաքացիներ, որոնք անազատության մեջ են բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ։  Նրա խոսքով՝ պետք է համարժեք հակազդեցություն լինի։

Իշխան Սաղաթելյանն ասել է, որ սա մեկանգամյա ակցիա չի լինելու՝ մյուս չորեքշաբթի ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով լսումներ կլինեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում