Մինսկի խումբը կավարտի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ին. ԵԱՀԿ

Մինսկի խումբը կավարտի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ին. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը։ ԵԱՀԿ-ն այս մասին հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցին ի պատասխան։

«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից ընդունված թիվ 1/25 որոշման հիման վրա ԵԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ փակումը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը. «Այս ամսաթվից հետո Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների մանդատի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները պաշտոնապես կդադարեցվեն»։

Ակնկալվում է, որ ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին հայտարարություն կտարածի՝ պաշտոնապես հայտարարելով փակման մասին։

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գլխավորում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։

Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև  Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում