Փաշինյանի ցուցադրական շոուն կամ եռամսյա աշխատավարձին սպասելիս
Կարդացեք նաև
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր հերթական տեսանյութը՝ հայտարարելով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին։ Տեսագրությունում ներկայացված էր բավական ցուցադրական պատկեր՝ հատուկ համազգեստներով աշխատակիցներ, նոր մեքենաների շարասյուն, պատշաճ կազմակերպված ընդունելություն և այլն։
Հատկանշական է այն, որ ներկայացված պատկերն ու հիմնարկությունում գոյություն ունեցող իրական իրավիճակը զգալիորեն տարբերվում են իրարից։ Մասնավորապես, կայքի տեղեկություններով, աղբահանության հիմնարկում վերջին ամիսներին իրավիճակը խիստ լարված է, քանի որ վարորդները երեք ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, իսկ բանվորները, որոնք տեսագրությունում շարքով կանգնած էին ու «դիմավորում» էին Փաշինյանին, մեկ ամիս է՝ չեն վարձատրվում։
Ավելին, աշխատակիցների շրջանում դժգոհությունները հասել են այն կետին, որ մոտ օրերս վարորդները պատրաստվում են գործադուլ իրականացնել։ Ըստ աշխատակիցների՝ խնդիրները ամիսներ շարունակ չեն լուծվում, իսկ ղեկավարությունը միայն ձգձգում է վճարումները՝ ներկայացնելով արհեստական արդարացումներ ու պատճառաբանություններ։
Մեր տեղեկություններով՝ ընկերությունում երկակի իրավիճակ է ձևավորվել․ ընկերության ղեկավար օղակները, մասնավորապես հերթափոխի պետերը, որոնց զգալի մասը կապեր ունի իշխանամերձ շրջանակների հետ, ստանում են 700 հազար դրամից բարձր աշխատավարձ։ Այս ամենը լուրջ հակադրություն է ստեղծել՝ ձևավորելով անառողջ միջավայր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում