Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները․ Դանիելյան

Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր (դեկտեմբերի 1-ին) նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին:

Հոգևոր Հայրերը խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ համախմբվելու կարևորությունը:

Օրվա իշխանությունն էլ ավելի է սաստկացնելու եկեղեցահալած քաղաքականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն գնով պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցին:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին որոշ հոգևորականների մասնակցությամբ, նաև մաքրման գործընթաց է: Այս մասին Սրբազան Հայրերն իրենց դիրքորոշումը հայտնել են նոյեմբերի 27-ին և 30-ին արված հայտարարություններով:

Ժամեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր ընկեր ու գործընկեր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։

Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները: Սա ևս հաղթանակ է, թեև Արթուրը պետք է լիներ լիարժեք ազատության մեջ:

Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սյունեցին ու հայ տղամարդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում