Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է․ Կոս
Կարդացեք նաև
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։
Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նարատիվը․ «Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ:
Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ, այ’ո, ես հավատում եմ: Ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և գիտեք, այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ»,- ասել է Կոսը։ Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ միմյանց երկրներ, ինչը նախկինում ուղղակի անհնար էր պատկերացնել։
ԵՄ բարձր հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաև Թուրքիայի դերակատարումը։ «Վաղը ես հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, մենք կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Դրսից հետևելով` դուք, գուցե, կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են:
Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը երկու երկրների միջև, դա տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված:
Եվ իմ կարծիքով, այո, դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս՝ ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը (խմբ․ նկատի ունի Հայաստանը) և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ: Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- եզրափակել է Մարթա Կոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։
Խոսելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի հնարավոր ներգրավածության մասին՝ Կոսը հիշեցրել է, որ այդ նախագծի իրագործումը Հայաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն է։ Նա շեշտել է, որ Եվրամիությունն էլ ԱՄՆ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ է՝ աչքի առաջ ավելի լայն՝ ընդհանուր կապակցվածության պատկերն ունենալով։
«Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Սա (խմբ․ նկատի ունի «Թրամփի ուղի»-ն) ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է: Մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք, լինի ոչ միայն այս 42 կիլոմետր հատվածի մասին , այլև այն ամենի մասին, ինչ գնում է դեպի արևելք և ինչ գնում է դեպի արևմուտք, և դա արվի միաժամանակ»,-ասել է ԵՄ բարձր հանձնակատարը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրել է այդ ընդհանուր կապակցվածության ապահովման առումով ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար։
«Մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները: Մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ուստի, իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս: Բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը»,-ընդգծել է Մարթա Կոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում