Պետական ռեկետը համատարած է. Քոչարյան
Կարդացեք նաև
«Ի՞նչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի և ժողովրդի շահերից»,- իր աջակիցների հետ հանդիպմանն այս հարցադրում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա պատասխանել է իր իսկ հարցադրմանը. «Ամրապնդի երկրի պետականությունը, ազգային ինքնությունը, տնտեսությունը։ Հաջորդ կարևոր բաղադրիչը ներքին կայունությունն է, որը հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակներին հասնելու համար»։
Իսկ ի՞նչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ։ Հետևյալ հարցադրումն է արել Ռ.Քոչարյանը։
«Անվտանգություն. ուղղակի քայքայում են բանակը, արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Ազգային ինքնության հետ ի՞նչ է արվում, տեսնում ենք, հարձակվել են այդ ինքնության երեք ամենից կարևոր բացադրիչների վրա՝ եկեղեցի, պատմություն, սիմվոլներ։
Տնտեսություն. երևի Հայաստանն առաջին երկիրն է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում, ուրեմն ներառական չէ, ներդրումային միջավայրն ուղղակի քայքայվել է։ Ի՞նչ է արվում բաշխիչ ցանցերի, Քաջարանի հետ. պետական ռեկետը համատարած է, հատկապես խոշեր, մեծ բիզնեսների նկատմամբ։
Կարևորագույն բաղադրիչը ներքին կայունությունն է, վստահությունը՝ ժողովրդի և կառավարության միջև։ Հայաստանում քայքայվում է այդ վստահությունը»։
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է՝ հարցն այն է, թե ինչո՞ւ համար է այս ամենն արվում, ի՞նչն է մոտիվացիան։
«Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը պետության հմուտ առաջնորդը պետք է աներ»,- ընդգծել է Ռ.Քոչարյանը։
Նա նշել է, որ մտածել է այս հարցի շուրջ, երեք տարբերակ է ի հայտ գալիս. «Եթե երկրի առաջնորդը գործակալ է, եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ, երրորդ՝ անում է մտածված և միտումնավոր»։
«Պետք է փնտրենք շարժառիթներ, թե ինչու է սա արվում։
Գործակալ. գործակալ լինելն ամբողջությամբ բացատրում է, թե ինչու համար է սա արվում, բայց փաստեր չունեմ, ունեմ մեկ բանաձև՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց փաստեր չունեմ, սա ենթադրություն է։
Այնպես է ստացվել, որ երկրի առաջնորդը տգետ է ու մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Փաշինյանն արել է 2018 թվականից մինչև 2020 թվականի պատերազմում պարտությունը։ Իսկապես, բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ։ Բայց դա չի բացատրվում, ինչ կատարվեց դրանից հետո։
Երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր, պլանավորված։ Փորձենք վերլուծենք այս երրորդ տարբերակը»։
Ըստ ՀՀ երկրորդի նախագահի, շատ քիչ են դեպքերը, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։
«Պատմությունը գիտի նման դեպքեր։ Միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանում»,- նշել է Ռ.Քոչարյանը՝ օրինակներ բերելով, երբ, ըստ նրա, երկրի առաջնորդը պատրաստ է հակադրվելով երկրի շահերին՝ առաջ մղել իր անձնական շահերը.
«44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18-ին առաջարկ է հնչել կանգնեցել պատերազմը, որը մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Անկասկած, երկրի շահերից էր բխում օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։
Երկրորդ դեպքը. երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա մաքրվել պարտությունից, նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա՝ կապված պարտության հետ»։
Ըստ նրա, Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական նոր պատերազմ սկսվելու վտանգի առջև պետք է լինի, դա իրեն ձեռնտու է մեկ պատճառով՝ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։
«Իրեն օդի ու ջրի պես պետք է ժողովուրդն այնպիսի սարսափ, վախ ունենա ու դա անդադար լինի, որ քվեարկության ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմ։ Սա դասական օրինակ է, երբ երկրի և ժողովրդի շահերն ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։ Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այս բանաձևը՝ լավ է ազգակործան այս պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ։
Հետևաբար, այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի վզին, և այդ թոկից պետք է ազատվել։ Ունիկալ վիճակ է, ամբողջ հույսն այն է, որ միամիտ քաղաքացին, այսպիսի վերլուծություններ չանելով, հերթական անգամ մտածի երկու չարքից որի հետևից է գնում։ Մեր առաջարկը և մեր մոտեցումը հետևյալն է՝ պետական շահերը առաջին տեղում, ժողովրդի շահերն առաջին տեղում, երբեք որևէ առաջնորդ իր շահերը չպետք է գերադասի ժողովրդի ու պետականության շահերին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում