ԵՄ-ն հակասում է խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ԵՄ-ն հակասում է խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «մտահոգիչ» է համարում ԵՄ և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, Բրյուսելում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։

Բաքուն պնդում է, որ ՀՀ-ԵՄ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

Բաքուն անթույլատրելի է համարում ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա 7 տարվա ռազմավարական գերակայությունները սահմանող երկկողմ փաստաթղթում Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումը, ինչը, ըստ այդ երկրի գլխավոր դիվանագիտական գերատեսչության, «բացասաբար է անդրադառնում նաև Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։

Ադրբեջանական կողմը «ակնհայտ նախապաշարմունքի դրսևորում» է համարում այն, որ փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղից տեղահանված հայեր» արտահայտությունն է օգտագործվում հայ բնակիչների վերաբերյալ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, այս հարցերի շոշափումը ԵՄ-Հայաստան փաստաթղթում «հակասում է խաղաղության գործընթացին»։

Բաքուն մտահոգություն է հայտնել նաև, որ ԵՄ-ՀՀ փաստաթղթում չի հիշատակվում TRIPP նախագիծը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել կարգավորման գործընթացի շրջանակներում և ունի մեծ նշանակություն։

«Այս իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից Վաշինգտոնում երկրի վարչապետի կողմից ստորագրված TRIPP նախագծի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները կատարելու մտադրությունների լրջության, ինչպես նաև այս նախագծին ԵՄ-ի կողմից հայտարարված աջակցության վերաբերյալ», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի համար առավել մտահոգիչ է այն փաստը, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գործունեությունը դադարեցնելու փոխարեն, առաջնահերթությունը տրվում է նրա ներկայությունը պահպանելուն և լիարժեք գործառնական կարողությունների ապահովմանը։

«Այս խնդիրները, օգոստոսի 8-ից հետո ձեռք բերված առաջընթացի ֆոնին, վերստին ի հայտ են բերում նախորդ հակամարտության տարրեր և լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս անցանկալի դրույթները լուծելու համար, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողությունները: Մեր կողմից մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտ եզրակացություններ անել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում