«Իմնեմինիմի» փոդքասթի վարողները մոտ մեկ ամիս է՝ բանտարկված են խոսքի համար․ ակցիա

«Իմնեմինիմի» փոդքասթի վարողները մոտ մեկ ամիս է՝ բանտարկված են խոսքի համար․ ակցիա

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, AntiFake.am-ի թիմը խորհրդանշական ակցիա է իրականացրել Երևանի Ազատության հրապարակում՝ «Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի  ապօրինի կալանավորման առնչությամբ։ Նարեկն ու Վազգենը մոտ մեկ ամիս է՝ կալանավորված են խոսքի համար։

Ազատության հրապարակում տեղադրվել է «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ, Նարեկ Սամսոնյանի և Վազգենի Սաղաթելյանի նկարներով և «Իմնեմինիմի» փոդքասթի լոգոյով մեծադիր պաստառ, դրա դիմաց՝ երկու դատարկ աթոռ, իսկ մեծադիր պաստառի և աթոռների դիմաց՝ մեծ ճաղավանդակ՝ ի նշան այն բանի, որ Նարեկն ու Վազգենն ապօրինի անազատության մեջ են և զրկված են իրենց հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։

Տասնյակ քաղաքացիներ լուսանկարվել են ճաղավանդակների ֆոնին, իսկ «Աբսուրդի պատին» իրենց դիրքորոշումն են արտահայտել Հայաստանում ռեժիմի կողմից «հետույք» բառի համար կալանավորվածների, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների վերաբերյալ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների կալանավորումը խայտառակություն է  որակել։ Նա հիշեցրել է, որ Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ հարուցված նախորդ վարույթի ժամանակ ԵՄ դեսպանն այցելում ու ներկա էր գտնվում դատական նիստերին, տարբեր զեկույցներում հիշատակվում էր նրանց դեպքը, սակայն այս անգամ  նրանց կալանավորումը պատշաճ արձագանք չի ստանում ԵՄ ներկայացուցիչների կողմից։

«Վերջին շրջանում միջազգային կառույցների զգալի հատվածը աշխարհքաղաքական շահերը նախընտրում են արժեքահեն քաղաքականությունից։ Այն արժեքներին, որոնք իրենք դավանում էին, քարոզում էին, դավաճանել են, չեն խոսում մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղբանտարկյալների մասին»,-ասել է նա։

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը դիմել է Փաշինյանի լեքսիկոնով.

«Եվրոյոնջաներ, չնեղանաք, Նիկոլն է ձեզ այդպես դիմել։ Եվրոյոնջաներն ինչպե՞ս կարձագանքին, եթե այն խմբագրությունում, որտեղ ես եմ աշխատել, «Հայկական ժամանակում» որևէ մեկին՝ ինձ կամ Նիկոլին հետույք բառի համար տանեին կալանավորեին։ Հիմա կնկարագրեմ՝ ինչ կլիներ։ Չարտերային ռեյսով անմիջապես Հայաստան կգային  Հայաստանի հարցով համազեկուցողները, կասին՝ ձեզ զրկում ենք ձայնի իրավունքից, հինգ հատ զեկույց կհրապարկեին, որ Հայաստանում ոտնահարվում է խոսքի ազատությունը, Սվիտալսիկին էլ այստեղ պառկած կլիներ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում