ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար․ Բագրատ Սրբազան
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ ռեպրեսիաների գործով դատական նիստը կարճ տևեց՝ Արմեն Ալեքսանյանի պաշտպանի բացակայությամբ պայմանավորված։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Բագրատ Սրբազանի պաշտպանները միջնորդել էին՝ փոխել Սրբազանի խափանման միջոցը՝ հնարավորություն տալու, որ Սրբազանը կարողանա մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին, սակայն, ժողովի հետաձգման պատճառով Սրբազանի պաշտպանները հրաժարվել են դիմումից։
Այսօր դատարանում հայտարարությամբ է հանդես եկել Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ շատ է ցավում, որ նման դատական նիստերը նման ընթացք ունեն, քանի որ իրենց շահագրգռվածությունն է, որ նիստերն արագ ընթանան․ քննությունն արագ առաջանա։
«Մեր նպատակը չէ, որ նիստերը հետաձգվեն։ Շատ վատ եմ զգում, որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են տարբեր պատճառներով։ Շատ կխնդրեմ, որ մեր գործընթացն արագ ընթանա, որքան արագ, էնքան լավ։ Վերջում էլ ուզում եմ ամփոփել, ես մինչև այսօր Քննչական կոմիտեի ղեկավարից չստացա որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար։ Դրա փոխարեն երկու անգամ հրավիրվեցի Քննչական կոմիտե, բայց ոչ այդ հարցով»,- նշել է Սրբազանը։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի, Աղվան Արշակյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արթուր Սարգսյանի, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցները փոխվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում