Իշխանությունները 2026 թվականի ընտրություններին հաղթելու շանսեր չունեն․ ամեն ինչ անելու են՝ Ռումինիայի սցենարը կրկնելու համար․ Դանիելյան

Իշխանությունները 2026 թվականի ընտրություններին հաղթելու շանսեր չունեն․ ամեն ինչ անելու են՝ Ռումինիայի սցենարը կրկնելու համար․ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ շատ բարձր էր գնահատել Մոլդովայում իրենց կատարած աշխատանքը, իսկ այսօր Մոլդովայում նույն սցենարով՝ հիբրիդային պատերազմի անվան տակ, ԵՄ-ն բավականին լուրջ աջակցություն է ցուցաբերում Մոլդովայի իշխանություններին․ ընտրությունների ընթացքում նաև կուսակցություններ արգելվեցին մասնակցել։

«Կոնկրետ նաև ընտրություն կատարող անձանց հետ կապված բավականին լուրջ խնդիրներ եղան, երբ ՌԴ-ում ապրող Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չտրվեց ընտրություններին մասնակցելու, իսկ հակառակը՝ Եվրոպայում ապրողներին որևէ կերպ խոչընդոտ չհանդիսացան։ Հիմա դուրս է գալիս, որ Հայաստանի իշխանությունները այդ գումարները քերում են Եվրոպայից՝ սեփական կարիքների համար»,- հայտնել է Դանիելյանը՝ անդրադառնալով հիբրիդային պատերազմին։

Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմ ասելով՝ իշխանությունն ամբողջ նյութական ռեսուրսները օգտագործելու է ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու և մնացած այլ գործողությունների համար։

«Եթե չեն հերքում, դուրս է գալիս, որ հաստատում են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս խնդրանքով դիմել է։ Սրբազան պայքարի ժամանակ մենք բազում հայտարարություններ ենք արել, որ շատ մեծ միջոցներ են ուղղվում ՀՀ կառավարության կողմից այլախոհներին, հակառակ թևի մարդկանց տեղեկատվական տեռորի ենթարկելու գործընթացում»,- ասել է նա։

Դանիելյանը շեշտել է, որ իշխանությունները 2026 թվականի ընտրություններին հաղթելու շանսեր չունեն, սակայն ամեն բան անելու են, որպեսզի հետընտրական փուլում էլ կիրառեն Ռումինիայի սցենարը։

«Շատ կարևոր է, թե Եվրամիության որ երկրի փորձն է՝ Ռումինիայի՞, որտեղ ընտրված նախագահի ընտրությունները չեղյալ էին ճանաչվել, հետո Սահմանադրական դատարանով հաղթել էր, բայց չէին թողել, որ դառնա Ռումինիայի նախագահ։ Ասել էին, որ Ռումինիայի նախագահը դրական վերաբերմունք ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Եթե սա եք համարում եվրոպական փորձ, ապա սա իրենց սրտով կլինի, որովհետև իրենք ընտրություններին հաղթելու շանսեր չունեն, և ամեն կերպ ամեն բան անելու են, որպեսզի հետընտրական փուլում էլ կիրառեն այն սցենարը, որի մասին ես խոսում եմ, ու ասեն, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Դանիելյանը։

Դանիելյանի պնդմամբ՝ երբ իշխանականները հիբրիդային պատերազմի մասին են խոսում, ենթադրելի է, որ նկատի ունեն ՌԴ-ին։

«Այս իշխանություններին ով դեմ է, ասում են՝ ռուսի շպիոն է։ Գերիների խնդիր, Արցախի խնդիր, մեր օկուպացված տարածքներից ադրբեջանցիներին դուրս բերելու խնդիր չկա, միայն մի խնդիր ունեն այս մարդիկ՝ գնան Եվրոպա, և ով իրենց դեմ է, ասեն, որ այդ մարդիկ Ռուսաստանի շպիոն են»,-նշել է նա։

«Խնդիր եմ տեսնում, որ մինչև այս պահը նույն մեր եվրոպացի գործընկերները հստակ գնահատական չեն տվել ՀՀ-ում տիրող բռնաճնշումների հետ կապված։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իրավապահ համակարգը գործում է ինչպես սիրտը ուզի, այսօր քաղաքական հայացքների պատճառով 60-ից ավելի անձ գտնվում է կամ քրեակատարողական հիմնարկներում, կամ անազատության մեջ։ Այս ամենի վերաբերյալ այդ մարդիկ կարծիք ունե՞ն, թե չունեն։ Մասնավոր զրույցներում կարծիք ունեն, ասում են՝ լավ չէ, խնդրահարույց է, բայց դա մնում է մասնավոր զրույցների շրջանակում։ Եթե երկակի ստանդարտներով ենք առաջնորդվում, ես այդ թեմայի հետ խնդիր ունեմ, բայց այն փաստը, որ երկակի ստանդարտներով են առաջնորդվում, ակնհայտ է»,- ասել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում