Եվրահանձնաժողովի հանձնակատարը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Եվրահանձնաժողովի հանձնակատարը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը Եվրոպա-Թուրքիա խառը խորհրդարանական հանձնաժողովում ունեցած ելույթում հանդես է եկել Թուրքիայի իշխանություններին քննադատող հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, հանձնաժողովում ունեցած ելույթում, որն առաջին անգամ էր հավաքվել Եվրոպայի խորհրդարանի ընտրություններից հետո, Հահնն ասել է, որ Թուրքիայում շարունակվում են խոսքի եւ մամուլի անկախության հետ կապված խնդիրները: Նա ասել է, որ Թուրքիան թերանում է իր օրենսդրությունը կոպենհագենյան չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացում: Անդրադառնալով կիպրոսյան խնդրին` ավստրիացի քաղաքական գործիչը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Կիպրոսի վերամիավորման խնդրի լուծման, Թուրքիայի անդամակցությունն Եվրոպական միությանն անհնարին է:

Եվրահանձնաժողովի հանձնակատարը հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած են այն բանով, որ անցյալ դեկտեմբերի երկրորդ կեսին Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալի գործով հարցաքննություններից հետո դատարաններն անկողմնակալ եւ անկախ դիրքորոշում չեն ցուցաբերել: Յ.Հահնը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է չմիջամտել իրավական գործընթացներին եւ պահպանել դատաիրավական համակարգի անկախությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում