Փաշինյանին միացած հոգևորականներն աչքի են ընկել Վեհափառին քծնելով, կոմպրոմատներ կան՝ անձնական, ֆինանսական, փաթեթ է․ Վանեցյան

Փաշինյանին միացած հոգևորականներն աչքի են ընկել Վեհափառին քծնելով, կոմպրոմատներ կան՝ անձնական, ֆինանսական, փաթեթ է․ Վանեցյան

«24 News»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, թե իբրև Եզրաս Սրբազանը ԿԳԲ գործակալ է, դրանից էլ մեծ «կոմպրոմատ», ասել է․ «Առանց անուն տալու, որովհետև դա մասնագիտական էթիկայից դուրս է, բայց եթե դա կոմպրոմատ է, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդ կա, որն ինքն է ասել, ընդունել ու բացահայտել, որ ինքը եղել է անվտանգության մարմինների գործակալը։

Ճշգրտող հարցին՝ խոսքն Արարատ Միրզոյանի՞ մասին է՝ Վանեցյանն արձագանքել է, որ եթե դա կոմպրոմատ է, ինչ գործ ունի այդ մարդը ՀՀ բարձրագույն իշխանության մեջ։

Դիտարկմանը, որ եթե խոսքը Միրզոյանի մասին է, ապա նա եղել է ԱԱԾ գործակալ, իսկ Եզրաս Սրբազանն իբրև ԿԳԲ գործակալ՝ Վանեցյանն արձագանքել է, որ դա ապացուցված չէ, «վաղը ձեզ կամ ինձ էլ կարող են մեղադրել Մոզամբիկի հատուկ ծառայության մեջ լինելու համար»։

Նա հիշեցրել է, որ  1991-ից հետո ԿԳԲ-ն այլևս գոյություն չունի, իսկ եթե իրավահաջորդից կան տվյալներ, որ որևէ մեկը համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայության հետ, անկախ նրանից՝ որ երկրի մասին է խոսքը, ապա այդ մարդուն պետք է ձերբակալել, քննություն անցկացնել։

«Եթե նման տվյալներ չկան, ապա դրանք մերկապարանոց հայտարարություններ են։ Ղեկավարը պետք է հասկանա, որ ինքն այլևս դեղին մամուլի ներկայացուցիչ չէ»,- նշել է Վանեցյանը՝ արձանագրելով, որ Փաշինյանի քայլերը միտված են մեկ բանի՝ նա մշտապես պետք է զբաղեցնի ժողովրդին։

«Ինչու՞ եկեղեցին, որովհետև Եկեղեցին այն ինստիտուտն է, որը մշտապես եղել է մեր հայկական երազանքի կամ նպատակի եռամիասնության հիմնական կապող օղակը։ Արցախը Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն, մեր Սփյուռքը համախմբած է բացառապես Եկեղեցու շուրջ, հիմա հիշեցնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը գնում է տարբեր երկրներ, հանդիպում Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ասում՝ «եկել եմ ասեմ, որ եթե ձեզ հետ բան լինի, ինձ վրա հույս չնդեք»» ,- ասել է Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը վերացնում է հայի ինքնությունը, եկեղեցին եղել է հայապահպանության կարևորագույն ինստիտուտը, ՀԱՍԵ-ն ամենահին եկեղեցին է, հիմա Փաշինյանը քանդում է այդ ամենը և այդ ամեն ինչի քանդմանը մասնակցում են հոգևորականներ։

Իր խոսքում Վանեցյանը նաև ընդգծել է․ «Այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, որոնք այժմ գտնվում են անազատության մեջ, նրանցից առնվազն երեքը, եկեղեցում իրենց գործունեության ժամանակ մշտապես հանդես են եկել այն դիրքերից, որ հարկ եղած դեպքում դեմ են խոսել Վեհափառ Հայրապետի այս կամ այն դիրքորոշմանը, ըմբոստ հոգևորականներ են, բայց երբեք այդ խոսակցությունը չեն հանել հանրային դաշտ, երբեք չեն խոսել եկեղեցին պառակտելու մասին, իսկ այն 10 հոգևորականները, որ այսօր դարձել են իշխանությունների «սրտի հոգևորականները», մշտապես աչքի են ընկել Վեհափառին քծնելով և բոլոր ժամանակների իշխանություններին քծնելով։

Սրբազանները, որոնք այսօր գնում են Նիկոլ Փաշինյանի օրակարգով, նրանք հո շատ լավ գիտեն, թե ինչու են այդ ամենը անում»,- նշել Վանեցյանը՝ հավելելով, որ նրանք կոմպրոմատների ազդեցության ներքո են դա անում, իր համար հանելուկ է միայն Արցախի թեմի առաջնորդի պահվածքը։

Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ Արցախի թեմի առաջնորդի բնակարանն են դրել նժարի վրա՝ ասելով, որ կզրկվի՝ Վանեցյանը նշել է, որ եթե դա է, ապա ինքն ավելացնե;ու բան չունի։ «Այսինքն՝ Երևանում իր բնակարանն ավելի կարևոր էր, քան իր հայրենիքը՝ Արցախը, որ այս իշխանությունների թեթև ձեռքով այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է»,- նշել է Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում