Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով
Կարդացեք նաև
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։
Ժողովին անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։
Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվել է, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է նկատել իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։
Մասնավորաբար քննության է առնվել նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծվել է, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի են նկատել, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից են դարձել իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։
Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայությանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է նկատել նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։
Ստեղծված մտահոգիչ, Եկեղեցու և նրա աշխարհասփյուռ հոտի համար անցանկալի այս իրավիճակի հաղթահարման հրամայականից ելնելով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Ժողովին առաջարկ է ներկայացվել համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։
Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել այս դժվարին օրերին Հայոց Եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին՝ փորձությունները արիությամբ, հավատով ու միասնականությամբ հաղթահարելու համար։ ԳՀԽ հորդորեց հոգևոր սպասավորներին հոգեխնամ առաքելության շրջանակներում պատշաճ իրազեկումներով գոտեպնդել իրենց հավատացյալներին և հորդորել զերծ մնալ Եկեղեցու միասնականությունը խաթարող երևույթներից։
Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ Երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել հավատավոր ժողովրդին, հակառակ կազմակերպված խժդժությունների, դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում