«Պատմական Հայաստանը» խնդիր չէ Հայաստանի Հանրապետության համար․ Հովասափյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Երեկ Պետերբուրգի հայ համայնքի հետ հերթական հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի ձևակերպմամբ, որն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես պատմական խոհականություն, սակայն իրականում, ինչպես միշտ, պարունակում է խորքային գաղափարական մանիպուլյացիա։ Իր խոսքում Փաշինյանն ասել է. «Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս». ըստ էության՝ սա փաշինկանական հերթական արհեստական հակադրություն է, որը նա կառուցում է պատմական հիշողության և ներկա պետականության միջև՝ փորձելով վերջինս ներկայացնել առաջինից ազատագրվելու անհրաժեշտության համատեքստում։
Իրականում, սակայն, պատմությունը չի պարտադրում ուղիներ, այլ փոխանցում է փորձ, դասեր և ինքնության կոդեր։ Այն փուլում, երբ երկրի ղեկավարը (սրա դեպքում ոչ բարով) պատմության անունից է խոսում, նա իրականում սեփական քաղաքական որոշումներն է փորձում ներկայացնել որպես անխուսափելի ճակատագիր՝ ազատվելով պատասխանատվությունից։
«Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստանի մաս դարձնելու» վտանգը իրական քաղաքական դիսկուրսում պարզապես գոյություն չունի։ Ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ երբևէ նման նպատակ չի ձևակերպել։ Սա կեղծ երկընտրանք է, որով ազգային հիշողությունն ու պատմական ինքնությունը ներկայացվում են որպես պետականության սպառնալիք։ Մինչդեռ աշխարհում գոյատևում և ամրապնդվում են հենց այն պետությունները, որոնք իրենց պետականությունը կառուցում են պատմական հիշողության և շարունակականության վրա, այլ ոչ թե դրանից հրաժարվելու հաշվին։
«Պատմական Հայաստանի» ժառանգության մերժումը ոչ միայն չի ուժեղացնում ՀՀ, այլ հակառակը՝ թուլացնում է այն։ Ուզում եմ ասեմ, որ պատմական հիշողությունից հրաժարումը խաղաղություն չի բերում, այլ ստեղծում է գաղափարական վակուում, որն արագորեն լցվում է արտաքին պարտադրանքներով։