Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին․ «Ազատություն»
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասել է Ամատունին:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:
Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում:
Զառա Ամատունին մանրամասնել է, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:
«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», – հավելել է նա:
Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում 23 հայ գերի է պահվում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացման մեջ էին հայտնվել:
Երկու օր առաջ հաղորդվել է, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել:
Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն էլ այսօր ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում