Թուրքիայում ամերիկացի զինվորներին ծեծել եւ գլխներին պարկ են քաշել

Թուրքիայում ամերիկացի զինվորներին ծեծել եւ գլխներին պարկ են քաշել

Ստամբուլում ամերիկյան USS ROSS (DDG71) նավից իջած երեք զինվորներին ծեծի են ենթարկել եւ նրանց գլխներին պարկ անցկացրել: Ամերիկացի զինվորների վրա ծովափին հարձակվել են Թուրքիայի երիտասարդական միության անդամները:

Նրանք «Yankee Go Home», «Անիծվի ամերիկյան իմպերիալիզմը» գրություններով պաստառները ձեռքներին մոտեցել են ամերիկացի զինվորներին եւ արյուն խորհրդանշող կարմիր գույնի ներկ լցրել նրանց վրա: Շրջակայքում գտնվող քաղաքացիներն աջակցել են թուրք երիտասարդներին: Դրանից ոգեւորված` նրանք հրապարակավ ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորներին եւ պարկ քաշել նրանց գլխին:

Թուրքերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի բանակի զինվորներին մարդասպաններ են համարում, եւ պահանջում են, որ նրանք հեռանան իրենց երկրից: Նրանք նաեւ հայտարարել են, որ այդպիսով վրեժ են լուծում` թուրք զինվորների նկատմամբ Իրաքում ամերիկացիների նմանատիպ գործողության համար:

2003 թվականի հուլիսի 4-ին Իրաքի Սուլեյմանիե քաղաքում ամերիկյան բանակի զինվորները թուրքական հատուկ ուժերի հրամանատարությանը կից սպաների շտաբում պարկեր էին անցկացրել թուրք զինվորների գլխին: Դրանով ամերիկացի զինվորները բողոք էին հայտնել Թուրքիային` Իրաքում ռազմական գործողություններում միջազգային ուժերին չաջակցելու համար: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը լռության էր մատնել կատարվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում