Սա բոլոր ընդդիմադիր ուժերի համար պետք է ահազանգ լինի. Վանեցյան

Սա բոլոր ընդդիմադիր ուժերի համար պետք է ահազանգ լինի. Վանեցյան

Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում կուսակցության անդամների ձերբակալությունները, ասել է․ «Այս իշխանությունների սովորական գործելաոճն է։ Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի ու չեն ձերբակալի նրան մի շինծու գործով»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ժամը 15.00-ին  մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի քննության նիստը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։

Արթուր Վանեցյանը հավաստիացրել է, որ հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի, չի կարող ունենալ. «Այս գործը դատական վախճան չի ունենալու, այսինքն այս գործը մեղադրական դատական ակտ չի կարող ունենալ, անգամ այս իրավիճակում՝ երբ ապօրինաբար քրեական վարույթներ են հարուցվում, քանի որ չկա կատարված հանցագործություն»։

Նա վստահեցրել է, որ «Հայրենիք» կուսակցությունը մի լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել։

«Վաղարշապատում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 16-ին։ Իսկ թե ինչու այս գործողությունը եղավ դեկտեմբերի 30-ին, ինձ համար անհայտ է, զարմանք է առաջացնում»,- ասել է Ա. Վանեցյանը։

Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրեն ճնշել, նա պատասխանել է. «Փաշինյանը շատ բան կարող է ուզել։ Ինձ ճնշել անհնար է»։

«Հայրենիք» կուսակցության նախագահն ընդգծել է, որ սա բոլոր ընդդիմադիր ուժերի համար ահազանգ պետք է լինի, որովհետև սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրությունին մարդկանց շինծու գործերով ձերբակալելու, կալանավորելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար։

Ա. Վանեցյանը նշել է, որ Հայաստանում կան աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ, բայց տեսնում են, որ որևէ իրական հանցագործություն քաղբանտարկյալները չեն իրականացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում