Սա էլ կանցնի, իսկ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո․ Սրբազան

Սա էլ կանցնի, իսկ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո․ Սրբազան

Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել Սրբազանի նամակը՝ կալանավայրից. «Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին

Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս

Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:

Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:

Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:

Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:

Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում:

Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:

Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո:

Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս

Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում