Ի՞նչ «քաղաքական աղանդ» է մշակել Փաշինյանը
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի իշխանական մոդելը կարելի է հասկանալ ոչ թե դասական ավտորիտարիզմի կամ գաղափարական տոտալիտարիզմի շրջանակում, այլ որպես «քաղաքական աղանդի» ձևավորման փորձ, որը գործում է դիսկուրսիվ, սիմվոլիկ և բարոյական հարթություններում։ Այն ինչ այսօր փորձում է կյանքի կոչել Փաշինյանը հայ եկեղեցու քանդման հարցում, պատմության մեջ արդեն մի քանի դրսևորումներ ունեցել է, ուղղակի վերջինս մի քանի միքսեր է իրականցրել և որոշակի մոդեռն փաթեթավորումներ արել։
Քաղաքական կրոնների հիմքում, անկախ պատմական և մշակութային տարբերություններից, միշտ ընկած է լեգիտիմության խնդիրը։ Այն դրվագներում, երբ վյալ իշխանությունը չի կարող երկարաժամկետ կայունություն ապահովել ինստիտուտների, իրավական պետության կամ արդյունավետ կառավարման միջոցով, սկսում է լեգիտիմություն որոնել այլ դաշտում՝ հավատքի, բարոյականության և մեսիաականության ինքնընկալման տիրույթում։ Ասվածի դասական օրինակներ կարող են հանդիսանալ Կորեայում Կիմ Իր Սենի, Չինաստանում Մաո Ձեդունի և Թուրքմենստանում Թուրքմենբաշու (Սաֆարմուրադ Նիյազովի) համակարգերը․ նշված այս երեքն էլ ստեղծել են քաղաքական համակարգեր, որտեղ առաջնորդը վերածվել է ոչ միայն իշխանության կրողի, այլ ճշմարտության, պատմության և բարոյականության կենտրոնի՝ իսկական «սրբության սրբոց»։
Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք գործ ունենք նույն տրամաբանության ավելի թուլացած, բայց նույնքան վտանգավոր տարբերակի հետ։ Նրա իշխանության լեգիտիմության առանցքը աստիճանաբար տեղափոխվել է ընտրական մանդատից դեպի «ժողովրդի մարմնավորման» գաղափարի։ «Ժողովուրդը ես եմ» ենթատեքստը Փաշինյանի դիսկուրսում կրկնվում է տարբեր ձևերով՝ ստեղծելով մի պատկեր, որտեղ քաղաքական հակառակորդը դառնում է ոչ թե այլընտրանքային ծրագրի կրող, այլ ժողովրդի կամքին հակադրվող, բարոյապես խեղված սուբյեկտ։ Սա հենց այն կետն է, որտեղ քաղաքական մրցակցությունը փոխարինվում է հավատքի և հերետիկոսության հակադրությամբ։
Մաոյի մոդելի հետ նմանությունը հատկապես տեսանելի է դիսկուրսի սրբացման մեջ։ Մանսավորապես, ցանկացած այն դրվագում, երբ առաջնորդի խոսքը ներկայացվում է որպես իրականության միակ ճշմարիտ մեկնաբանություն, հենց այդ վայրկյանից քաղաքական բանավեճը դադարում է լինել ռացիոնալ և վերածվում է անհատի պաշտամունքի։ Փաշինյանի մոտ «ճշմարտության» դաշտը փակ է․ նրա օրակարգին չհամաձայնելը որակվում է ոչ թե քաղաքական այլախոհություն, այլ «ռևանշիզմ», «պատերազմի քարոզ», «հիբրիդային պատերազմի գործիքակազմ», որոնց մասին մենք լսում ենք ամենօրյա ռեժիմով։ Սա դասական քաղաքական կրոններին բնորոշ մեխանիզմ է, որտեղ հակառակորդը ոչ թե սխալվում է, այլ մեղանչում։
Կիմ Իր Սենի փորձի հետ զուգահեռը երևում է պատմության և ինքնության վերաշարադրման մեջ։ Ինչպես վերջինիս հիմնած չուչխեն վերաձևակերպեց կորեական պատմությունը՝ կենտրոնացնելով այն մեկ անձի շուրջ, այնպես էլ Փաշինյանի դիսկուրսում Հայաստանի նորագույն պատմությունը բաժանվում է «մինչև ինձ» և «ինձնից հետո» փուլերի, ավելի կոնկրետ՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան» հայտնի մոտեցումները։ Նախորդ ամբողջ ժամանակահատվածը ներկայացվում է որպես մթության, թալանի և անբարոյականության շրջան, իսկ ներկան՝ որպես լուսավոր շրջադարձ, անկախ իրական արդյունքներից։ Ավելին, նա հպարտորեն հայտարարում է, որ իր խոստացած ապագան «արդեն եկել է»։ Սա պատմության սրբացման և միաժամանակ պարզեցման գործընթաց է, որը ծառայում է ոչ թե վերլուծությանը, այլ հավատքի պահպանմանը։
Թուրքմենբաշու օրինակից Փաշինյանը կրկնօրինակել է ոչ թե բացահայտ անձի պաշտամունքը, այլ սիմվոլիկ քաղաքականությունը՝ ձևի գերակայությունը բովանդակության նկատմամբ։ Թեև չկա «Ռուհնամա» կամ պարտադիր սրբազան գիրք, դրա փոխարեն գործում է ամենօրյա խոսքը, ուղիղ եթերները, էմոցիոնալ պատմությունները, «սրտիկները», որոնք փոխարինում են ծրագրերին և ինստիտուցիոնալ հաշվետվողականությանը։ Սիմվոլիկ միջոցառումները, «քաղաքացու» վերացական կերպարի մշտական հիշատակումները և բարոյախոսական տոնայնությունը ստեղծում են քաղաքական հավատքի մթնոլորտ, որտեղ կարևոր չէ արդյունքը, այլ հավատարմությունը՝ առաջնորդի ներկայացրած նարատիվին։
Առանձնահատուկ կարևոր է նաև եկեղեցու և ավանդական սրբությունների ապասրբացման գիծը։ Քաղաքական կրոնները գրեթե միշտ սկսում են հին սրբությունների քանդումից՝ նոր սրբություն ստեղծելու համար։ Փաշինյանի պարագայում Հայ առաքելական եկեղեցին հետևողականորեն ներկայացվում է որպես «հին համակարգի» մաս, բարոյապես կասկածելի և քաղաքականապես վտանգավոր ինստիտուտ։ Սա ոչ թե աշխարհիկ պետության դասական մոտեցում է, այլ մրցակից սրբության չեզոքացում՝ սեփական բարոյական օրակարգը միակ լեգիտիմը դարձնելու համար։
Ըստ էության՝ Փաշինյանի «քաղաքական աղանդը» գոյատևում է հիմնականում հռետորաբանության, արտաքին քաղաքական հովանավորության և ներքին հակառակորդների մշտական դեմոնիզացիայի հաշվին, այս ամենն այդ «աղանդը» դարձնում է ավելի անկայուն, բայց միևնույն ժամանակ՝ ավելի ճկուն և կարճաժամկետ ազդեցիկ։
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ Փաշինյանի իշխանական մոդելը չի հանդիսանում դասական տոտալիտար քաղաքական կրոն, սակայն այն ունի այդ երևույթի գրեթե բոլոր նախադրյալները։ Դա քաղաքական հավատք է առանց հստակ ձևակերպված դավանանքի, առաջնորդի շուրջ մեսիական ինքնընկալմամբ, որտեղ բարոյական պիտակավորումը փոխարինում է քաղաքական պատասխանատվությանը, իսկ հավատարմությունը՝ մասնագիտական կառավարմանը։ Հենց այս անավարտ, բայց համակարգային բնույթն է, որ այն դարձնում է ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում