Բագրատ Սրբազանի և 18 արդարների գործով դատական նիստն անցավ լարված
Կարդացեք նաև
Դատավոր Կարեն Ֆարխոյանը 18 արդարների գործով դատական նիստի մեկնարկին շնորհավորել է ներկաների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դատական նիստերի քարտուղարն ընթերցել է՝ վարույթի ներկա մասնակիցների անունները։
Ֆարխոյանը հայտարարել է, որ այսօր նախատեսված էր քննարկել Ն. Շարբաթյանի խափանման միջոցի հարցը, բայց այդ մասով արդեն առկա է Վերաքննիչ դատարանի որոշումը, հետաևաբար նման քննարկումն առարկայազուրկ է։
Մինչ ապացույցների ծավալի վերաբերյալ քննարկումը, Բագրատ Սրբազանը նշել է՝ հարց ունի։ Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ անցած դատական նիստին երկու մեղադրյալ չէր ներկայացել, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվել է, ապա հետաքրքրվել դատավորից՝ պարզե՞լ է, թե ինչու մեղադրյալների ներկայությունը չէր ապահովվել դատարանում։
Ֆարխոյանն ասել է, որ դատարանին պատճառաբանել են, որ ծանրաբեռնվածության, աշխատակազմի սղության պատճառով չէին կարողացել մեղադրյալների ներկայությունն ապահովել դատական նիստին։
«Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում դատարանի, դատարանում քննվող գորերի նկատմամբ բացարձակապես հարգանք գոյություն չունի։ Սա արձանագրենք որպես փաստ»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարց է բարձրացրել, թե ինչի՞ հիման վրա են մարդիկ ապացույց ներկայացնելու։
«Այդ հարցն առանցքային նշանակություն ունի․ օրինակ շենքեր գրավելու մասին, ահաբեկչական գործողություններ պլանավորելու մասին… Դուք ասում եք, չէ՞, ձեռագիր կա, փորձաքննություն կա՞։ Եթե չկա, Դուք կամ որրևէ մեկը կարո՞ղ է ինձ համոզել, որ դա չի գրել Արայիկ Հարությունյանը։ Ոչ ոք չի կարող, կներեք, որ այդ անունն եմ տալիս»,-ասել է Սրբազանը։
Նա ընդգծել է, որ խորհրդարանում ամիսներ առաջ դատախազը հայտարարություն է հնչեցրել, սակայն որևէ փորձաքննություն չի իրականացվել, մարդիկ ամիսներ շարունակ տնից-տեղից կտրված են, անազատության մեջ։
«Սա բարոյական հարց է։ Երկրորդը, էն որ ասում են, Գալստանյանի բնակարան եկել-գնացել են, այստեղ մարդ չկա, որ իմ բնակարան չի եկել-գնացել, ինչո՞ւ են նրանք այն կողմում նստած։ Անկեղծ եմ ասում, սարկազմ չկա ասածիս մեջ։ Ո՞վ է որոշել, որ Իգոր Սարգսյանի խոսքին կպցվում է Իշխան Սաղաթելյանը, որն այնտեղ չի։ Դա ո՞նց եղավ ապացույց»,-ցույց տալով ապակուց այն կողմ՝ դահլիճում նստածներին՝ ասել է Բագրատ Սրբազանը։
Նա նշել է, որ մինչ օրս էլ մարդկանց նեղություն են տալիս, գնում են բնակարաններ են խուզարկում։ «Եթե իրավունքը շրջանցելու եք, ապա բարոյական մասը տղամարդկություն ունեցեք ու մի շրջանցեք»,-Սրբազանի խոսքին նստած տեղից միջամտեց հանրային մեղադրողը. «Ի՞նչ կապ ունի»։
«Շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Չմիջամտես ընդհանրապես։ Սա առանցաքին է պատասխանատվության առումով»,-բարկացել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։ Իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում