Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը․ Վարդան Ոսկանյան

Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։

Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։

Երեկ Իրանի բանակը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել անվտանգության ուժերին հասարակական կարգի ապահովման գործում, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել։

Իրանական վտարանդի ընդդիմադիր ուժերից շատերը հանրային տիրույթում ակտիվորեն քննադատում են Իրանի գահընկեց շահի որդուն բողոքի գործողությունների առաջնորդությունը «մոնոպոլացնելու» փորձերի և տեղեկատվական ուռճացված աջակցության միջոցով դրանց հեռակա «կազմակերպիչ» և «ղեկավար» ներկայանալու համար։

Իրանում համացանցը մնում է անջատված, պարբերաբար դրան հասանելիություն են ստանում միայն իրանական լրատվամիջոցները՝ որոնք տարածում են պաշտոնական տեղեկատվություն։

Ըստ «New York Times»-ի՝ ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ՝ որոշ ռազմական օբյեկտների կամ ռազմավարական նշանակության թիրախների հարվածելու նպատակով:

Մինչև այժմ, սակայն, վերջնականապես ոչ մի որոշում չի ընդունվել։

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու պարբերական սպառնալիքներ են հնչեցնում Իրանի հասցեին։

Ինքը՝ նախագահ Թրամփը, վերջին օրերին նման բովանդակությամբ առնվազն հինգ գրառում և հայտարարություն է արել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում