Իրանը որպես թիրախ․ նավթից մինչև «Զանգեզուրի միջանցք»

Իրանը որպես թիրախ․ նավթից մինչև «Զանգեզուրի միջանցք»

Այն, ինչ այսօր կատարվում է Իրանի շուրջ, նոր չէ և շատ ավելի խոր արմատներ ունի, որոնց մասին կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել։

1941–42 թվականների սկզբին ԽՍՀՄ-ն ու Մեծ Բրիտանիան ցանկանում էին Իրանին ամեն կերպ ներքաշել իրենց տիրույթ և դաշնակից ունենալ աշխարհագրական այդ հատվածում, քանի որ այդ նույն ժամանակահատվածում գերմանական համակարգն արդեն իր հետախուզական ու գործակալական ցանցերն էր խորացնում Իրանի ողջ տարածքում։ Այստեղ առանցքային նշանակություն ու գործոն ուներ իրանական նավթը, որը տերությունների համար ռազմավարական կարևորության հարց էր։

Ստեղծված իրավիճակում շահը հրաժարվում է գահից՝ իշխանությունը փոխանցելով իր պատանի ժառանգին (ընդամենը 21 տարեկան)։ Ինչպես արդեն նշեցի, ԽՍՀՄ-ն ու Բրիտանիան ամբողջովին հաստատվեցին Իրանի տարածքում, նորընծա շահն էլ դարձավ նրանց դաշնակից-բարեկամը Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և բնավ էլ պատահական չէր, որ դաշնակիցների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հենց Թեհրանում (Ստալինի և Չերչիլի համար այն ազդեցության գոտի էր, իսկ կազմակերպչական հիմնական գործառույթը դրված էր խորհրդային հակահետախուզության առանցքային դեմքերից մեկի՝ Հովհաննես (Իվան) Աղայանցի վրա)։

Արդեն 1946 թվականին սովետա-բրիտանական զորքը դուրս է գալիս Պարսկաստանից, սակայն այն շարունակում է մնալ բրիտանական հիմնական ազդեցության զոնաներից մեկը։ Դա, բնականաբար, նշանակում էր, որ «Բրիթիշ Փեթրոլիում»-ը շատ կազմակերպված կերպով մսխում էր իրանական նավթի առյուծի բաժինը։ Այս ամենը հանրության շրջանում առաջացնում է դժգոհության մեծ ալիք, և ընդամենը չորս տարի անց՝ 1950 թվականին, Իրանի խորհրդարանը օրենք է ընդունում՝ պետականացնել իրանական ողջ նավթային պաշարները և արգելել դրանց շահագործումը որևէ երկրի կողմից։

Տրամաբանական է, որ այս ամենը Մեծ Բրիտանիայի սրտով չէր, և ամերիկա-բրիտանական տանդեմը Պարսկաստանում հեղաշրջման պլան է նախապատրաստում՝ իշխանության բերելու այնպիսի ուժի, որը չի պետականացնի նավթային պաշարները։

Ընտրված վարչապետ Մոհամադ Մոսադաղին լիկվիդացնելուց և շահին ամբողջությամբ երկրի տեր ու տիրական դարձնելու միջոցով 1951 թվականին այս խնդիրը լուծվում է։ Ասեմ ավելին՝ այս գործին կցվում են նաև ամերիկյան ընկերություններ (ստեղծվում է կոնսորցիում), և իրանական նավթն էլ ավելի լայն թափով է սկսում արտահանվել, իսկ շատ քիչ մասն էր մնում պետության ներսում։

Տեղի ունեցող հակապետական այս գործընթացը հասարակության որոշակի շրջաններում դժգոհություններ էր առաջացնում, որոնցից աչքի ընկնողը ապագա այաթոլլա Խոմեյնին էր, ով արտաքսվեց Իրանից և իր հայտարարություններն ու կոչերն իրականացնում էր Իրաքից։ Իրանում ստեղծված հատուկ ոստիկանությունը, որն ուղղակիորեն ուղղորդվում էր ԱՄՆ-ի կողմից, շատ ուշադիր հետևում էր Խոմեյնիի գործողություններին։

Քչերը գիտեն, որ մինչև 1979 թվականը Իսրայելը համարվում էր Իրանի դաշնակիցը, ավելին՝ «Մոսադ»-ը բավական լայն գործակալական ցանց ուներ երկրի ներսում։

Իրանում տեղի ունեցած հեղափոխությունը հավաքական Արևմուտքի համար դարձավ պատուհաս, և նրանց ջանքերով 1980 թվականին սկսվեց իրան–իրաքյան առաջին պատերազմը։ Սադամ Հուսեյինը, ով այդ շրջանում համարվում էր ԱՄՆ-ի բարեկամը, դարձավ շարքային գործիք՝ տարածաշրջանում ամերիկյան շահերի սպասարկման նպատակով։ Այստեղ շատ կարևոր է փաստել, որ ներկայումս շատ ու շատ ղեկավարներ չեն գիտակցում, չեն խորամուխ լինում այն հանգամանքի մեջ, որ եթե ԱՄՆ-ը ամենավերջին խուլիգանի նման վարվեց Սադամի հետ, ով իր երբեմնի «զինակիցն» էր, ցանկացած դրվագում կարող է նույն կերպ վարվել նաև իրենց հետ։

Ի դեպ՝ հատկանշական է, որ այսօր ևս ԱՄՆ-ը չի թաքցնում, որ ցանկանում է խնդիրներ լուծել Իրանում, շահին դարձյալ բերել իշխանության, և այս ամենը իրար կողք դնելով՝ պարզ է դառնում, թե ինչ է այսօր կատարվում Իրանի ներսում։

Եթե կարճ ասենք, այս ամբողջ պատմության առանցքը նավթն է, ինչի համար էլ գերի տարվեց Մադուրոն։ Բացի դրանից, այստեղ առանցքային է նաև Չինաստանի գործոնը, որը հանդիսանում է իրանական նավթի թիվ մեկ սպառողներից մեկը։ Քանի որ Չինաստանը ԱՄՆ-ի համար առաջնային թիրախներից է, այս առումով ևս պետք էր «բլոկ» անել և հնարավորինս խնդիրներ ստեղծել։

Ան, ինչ այսօր տեղի է ունենում Իրանում, փորձ է նաև լուծելու «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հարցը, քանի որ պանթուրանական այս նախագծի դեմ բացահայտ դիրքորոշում ունեցող միակ ուժը Իրանն էր։ Ուստի բոլոր պայմաններով պետք է լուծվեր նաև նրա հարցը։ Իրանը մեր սիրուն աչքերի համար չէ, որ դեմ է այդ թյուրանական միացմանը, այլ այն պատճառով, որ հասկանում է՝ դա իր պետության համար կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Սա նորություն չէ, քանի որ պատմությունից բոլորիս է հայտնի, որ թուրք-պարսկական պատերազմները մշտապես եղել են տարածաշրջանում հեգեմոն դիրք ունենալու նպատակով։

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի Իրանում ունենալ սեփական օգտագործման իշխանություն, ապա տվյալ իշխանության համար միևնույն կլինի, թե ՀՀ սուվերեն տարածքում ինչ միջանցքային բանաձևումներ են տեղի ունենում և ինչ սպառնալիքներ կարող են դրանք ստեղծել իրանական սուվերենության համար։ Ամենակարևորը չպետք է մոռանանք, որ Հարավկովկասյան այս սեգմենտում ԱՄՆ-ի շահերը սպասարկող թիվ մեկ կենտրոնը Թուրքիան է, որը չափազանց պատրաստակամ է իր առաջ դրված խնդիրներն ու առկա հարցերը «գերազանցիկի» պես կատարել։ Բնավ էլ պատահական չէ, որ ԱՄՆ-ն իր հերթին մեր տարածաշրջանում իր քայլերն ու գործողություններն իրականացնում է թուրքական քիմքին հաճելի տրամաբանությամբ։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում