Հանրային մեղադրողները պահանջում են սահմանափակել Բագրատ Սրբազանի և մյուսների խոսքը

Հանրային մեղադրողները պահանջում են սահմանափակել Բագրատ Սրբազանի և մյուսների խոսքը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «18 արդարների» գործով դատական նիստը։  Հանրային մեղադրողները միջնորդել են սահմանափակումներ մտցնել գործով անցնող անձանց խոսույթում։ Հանրային մեղադրողները պնդում են, թե դատարանը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն և չպետք է թույլ տա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներով խախտեն դատավարության ընթացքը։ Վահագն Չախալյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ առանց այն էլ իրենց ազատ տեղաշարժի իրավունքից զրկել են, խոսքի իրավունքից գրեթե զրկել են, միակ տեղը, որտեղ կարող է խոսել՝ քիչ, թե շատ՝ դատարանի դահլիճն է, հիմա էլ պահանջելը, որ դատարանում խոսքի իրավունքից զրկեն, ապա ինչ ասի՝ օրենքում նման բան չկա։

«Բոլորի համար ակնհայտ է՝ մենք ահաբեկիչ չենք, ազատարար ենք, անմնացորդ նվիրված ենք Հայաստանի ազատագրական գաղափարին»,- նշել է Չախալյանը, որ ազատագրվելու է հայրենիքը։

Պաշտպան Աննա Մանթաշյանի մոտ տպավորություն է, որ դա ավելի շատ նման էր դատավորին բացարկի, պետք է պարզել՝ բացարկ է, թե ոչ։ Միհրան Պողոսյանն էլ արձանագրել է, որ դատարանը չի կարող կանխորոշել, թե անձն ինչ է պատրաստվում խոսել, ապրիորի գործի մասին են խոսում․ «Պայծառատեսությամբ չենք զբաղվում»։ Ինչ վերաբերում է մեղադրողների պնդումներին, թե դատարանում քաոս է առաջանում, ապա Պողոսյանի դիտարկմամբ՝ քաոս է առաջանում, երբ մեղադրյալների նկատմամբ վերդիկտ կայացնելու համար էական հանգամանքները հաստատող կամ հերքող ապացույցները չի ներկայացվում դատարան․ «Քաոսն այդ ժամանակ է ստեղծվում, ոչ թե՝ այն պատճառով, երբ մեղադրյալն իր տեսակետն է ներկայացնում»։  Բացի այդ, փաստաբանը հիշեցրեց՝ երբ իշխանություններն անհիմն, սուտ հայտարարություններ էին անում՝ գործի վերաբերյալ, դատախազներն այդ ժամանակ պետք է ասեին՝ մի հաղորդեք սուտ տեղեկություններ, մինչդեռ, հակառակն էր տեղի ունենում՝ վարույթն իրականացնող մարմինն էր թերի տեղեկություններ հաղորդում։

Իգոր Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանն էլ նկատել է՝ միջնորդությունը ոտքի վրա չի կայացել, նախաքննական մարմինը՝ ի դեմս դատախազության, տեսնելով դատական գործի ընթացքը, հասկացել են՝ կանգնելու են փաստի առաջ, այս միջնորդությունը ներկայացվում է՝ ճնշելու դատավորին, ուղղորդելու՝ պաշտպաններին։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը, միանալով պաշտպանության կողմի դիտարկումներին, նկատել է, որ նախաքննության փուլում պաշտպանության կողմը կաշկանդված էր նախաքննության գաղտնիությամբ, իսկ այժմ, երբ գրեթե հավասար պայմաններում են, հանրային մեղադրողները նման միջնորդություն են ներկայացնում։ Ըստ փաստաբանի՝ փորձելում են գործն ուղղել դեպի իրավական դաշտ, մինչդեռ, գործն ի սկզբանե իրավական չէր։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանն, անդրադառնալով հանրային մեղադրողների միջնորդությանը, նշել է, որ առաջին օրից ասել է՝ իրենք  արժանապատիվ, նամուս-թասիբ ունեցող մարդիկ են, այստեղ եկել են ոչ թե մեղադրողների հետ կռիվ անելու, այլ՝  այդ դահլիճում իրենց թասիբը պահելու համար։ «Հիմա ես ասում եմ, ինքը սուտ է ասել, որ սուտ է ասել, չասե՞նք, սուտ է ասել։ Հարգարժան մեղադրողներ, եթե ուզում եք, որ այստեղ նման բաներ չլինեն, միջնորդություն գրեք քննչական կոմիտեին, ասեք՝ ամբախ-զամբախ մի խոսացեք Հ1-ում, Ազգային Ժողովում։ Անկեղծ եմ ասում, մենք խնդիր չունենք, մեր խնդիրը մեզ պաշտպանելն է։ Դուք մեզ ասում եք ահաբեկիչ։ Պատկերացնո՞ւմ եք, իմ աղջիկները գնում են դպրոց, այնտեղ ինչ-որ մեկը կարա ասի՝ դուք էն ահաբեկիչի աղջիկներն եք։ Սրանից վատ մեղադրանք կա՞, վիրավորանք կա՞։ Էսքանից հետո մի հատ էլ ասում են՝ վաբշե մի խոսացեք։ Ուրեմն, մենք խոսելու ենք, պահելու ենք մեր արժանապատվությունը։ Մենք չունենք ձեր, ձեր ընտանիքների հետ խնդիր, մենք պահելու ենք մեր արժանապատվությունը»,-ասել է  Սարգսյանը։ Բագրատ Սրբազանն ինքը նշել է՝ դժվար է 6-7 ամիս հետևել, թե ամեն գործակալ ինչ է ասում, երբ իրենց ձեռքերը կապված են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում