Պատմում է «Ռեալի» ավտոբուսի վարորդը…

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալում», ինչպես ցանկացած ակումբում, դաշտից դուրս ևս կյանք գոյություն ունի: Մարզիչների ու ֆուտբոլիստների հետ զուգահեռ տասնյակ պրոֆեսիոնալներ են աշխատում, և թիմի հաջողությունները նաև նրանցն են: Մոտ մեկ տարի առաջ իր ղեկը լքեց այդ մարդկանցից մեկը` Ֆերնանդո Մանսոն կամ «Ֆրենանդոն», ինչպես նրան դիմում էր Իկեր Կասիլյասը: Պաղեստինցին 14 տարի «Ռեալի» ավտոբուսի վարորդն էր…
2013 թվականի դեկտեմբերի 14-ը նրա վերջին աշխատանքային օրն էր: Այդ օրը «Ռեալը» Լա լիգայի շրջանակում հանդիպելու էր «Օսասունային»: Վարորդը, ում ավտոբուսի մեջ եղել են Յիերոն, Ռեդոնդոն, Ֆիգուն, Ռաուլը, Բեքհեմը, Օուենը, Ռոնալդոն, Զիդանը, Ռոբենը, Կական, Ռոնալդուն, Բեյլը և այլ աստղեր, ասում է. «Մարդիկ չեն էլ պատկերացնում, թե իմ աշխատանքն ինչ պատասխանատվություն է ու ինչ ճնշում»:
Ֆերնանդոն ավտոբուսից դուրս է գալիս անհավատալի ձեռքբերումներով. իր առաջին ճանապարհը «Ռեալի» հետ նա անցել է 2000-ի հունվարին ու այդ օրվանից ականատես է եղել Չեմպիոնների լիգայի երկու հաղթանակի, Եվրոպայի մեկ սուպերգավաթի, Լա լիգայում 5, Արքայական գավաթի 1, Իսպանիայի սուպերգավաթի 4 հաղթանակների: Նույնքան հաղթանակ թիմի հետ ունի նաև Իկեր Կասիլյասը:
«Նրանց օդանավակայարան էի տանում ու դիմավորում գավաթներով»,-ասում է Ֆերնանդոն:
Այդքան երկար կարիերայից հետո վարորդի հիշողության մեջ բազում պահեր են ամրացել:
«Նրանց հետ աշխատելը պատիվ ու հպարտություն էր ինձ համար: Բոլորին ամենայն բարիք եմ մաղթում նոր վարորդի հետ»,-ասում է Ֆերնանդոն:
«Marca» պարբերականի հետ զրույցում Ֆերնանդո Մանսոն հետաքրքիր պատմություններ է ներկայացրել:
Խնդիրներ «Ատլետիկոյի» երկրպագու ոստիկանի հետ
«Թիմի մարզիչն այդ ժամանակ Վիսենտե դել Բոսկեն էր, ու մենք ուշանում էինք օդանավից: Թիմը պետք է խաղար Չեմպիոնների լիգայում: Մենք սարսափելի խցանման մեջ էինք, ու ես ծառայողական ճանապարհից օգտվեցի, որ ժամանակ չկորցնենք: Սակայն մի ոստիկանի դա դուր չեկավ, ու նա կանգնեցրեց մեզ: Ինձանից փաստաթղթեր պահանջեց: Խնդրեցի մեզ բաց թողնել ու խոստացա, որ ավելի ուշ կվերադառնամ ու ցույց կտամ, բայց նա չզիջեց: Դել Բոսկեն, Թոնի Գրանդեն ու նույնիսկ Յիերոն, Ֆիգուն դուրս եկան ավտոբուսից, որ խնդրեն մեզ բաց թողնել, բայց նրա վրա դա ազդեցություն չունեցավ: Ավտոբուսում կատակում էին` «Նա հաստատ «Ատլետիկոյի» երկրպագու է»: Ոստիկանը մեզ բաց թողեց միայն փաստաթղթերը ստուգելուց հետո»:
Դել Բոսկե. «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր»
«Հիշում եմ, որ կայծակը չէր թողնում թիմին ինքնաթիռով վերդառնալ Սանտանդերից: Մենք ստիպված էինք ավտոբուսով վերադառնալ: «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր»,-ասում էր ինձ Վիսենտե դել Բոսկեն: Իսկ նրա օգնականը` Գրանդեն, ընդհակառակը, խորհուրդ էր տալիս նրան ուշադրություն չդարձնել»:
11.000 կմ դեպի Գլազգո և հակառակը
«8 տարվա ընթացքում ավտոբուսով գնացել եմ Եվրոպայում տեղի ունեցած բոլոր խաղերին, բացի նրանցից, որոնք Մոսկվայում են անցկացվել: Ամենաերկար ճանապարհը դեպի Գլազգոն էր, երբ գնալ-գալը միասին 11 հազար կիլոմետր կազմեց: Հիշում եմ, որ թիմից 2 օր հետո վերադարձա Մադրիդ, միանգամից գնացի Սիբելես, քանի որ թիմը 9-րդ գավաթն էր նվաճել ու 2 անգամ շրջապտույտ կատարեցի շատրվանի կողքով մինչև ավտոտնակ գնալս: Մեքենաները միացրել էին ազդանշանները, մարդիկ գոռում էին ու ծափահարում»:
Ավտոբուսի համարներով վիճակախաղ
«Շատ երկար ժամանակ ակումբի մարդիկ ու մի քանի ֆուտբոլիստ վիճակախաղ էին գնում ավտոբուսի համարներով: Երբեմն ակումբից հեռացած ֆուտբոլիստները դեռ շարունակում էին գնել այն: Որևէ մեկը երբեք չշահեց, բայց ես դեռ շարունակում եմ գնել դրանք»:
Պելեգրինին հանդերձարանից դուր եկավ, որ ինձ գրկելու համար
«Ակումբից հեռանալուց հետո առաջին անգամն էր, որ Մանուել Պելեգրինին վերադարձել էր «Սանտյագո Բերնաբեու»: Ես գտա նրա օգնականին ու խնդրեցի բարևել մարզչին: 5 րոպե անց ինքը` Պելեգրինին եկավ ինձ գրկելու: Նա միայն դրա համար էր դուրս եկել, հետո նորից մարզադաշտ վերադարձավ: Նա անհավատալի մարդ է»:
«Kiss FM»-ից մինչև ժամանակակից երաժշտություն
«Ի սկզբանե ես էի երաժշտությունն ընտրում: Մենք «Kiss FM» էինք լսում ճանապարհներին: Երբեմն նաև ընկերուհուս հավաքած ձայներիզն էիք լսում, բայց հետզհետե ֆուտբոլիտներն սկսեցին «խառնվել» այդ գործին: Նրանք սեփական ձայներիզներն էին տալիս, որոնք ավելի ժամանակակից երգերով էին լցված: Մարզիչները սովորաբար ոչինչ չեն ասում, սակայն Մոուրինյոն արգելում էր ավտոբուսի մեջ երաժշտություն միացնել, եթե թիմը վատ էր խաղացել կամ պարտվել էր: Ասում էր, որ տոնելու ոչինչ չկա»:
Երիտասարդական թիմի խաղացողների սխալներն ավտոբուսում
«Ֆուտբոլիստներն ավտոբուսում միշտ նույն տեղում են նստում: Ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստները երբեմն նստում էին մյուսները աթոռներին: Հստակ չեմ հիշում, թե ով էր, բայց նա մի անգամ նստեց Ռաուլի աթոռին: «Ուրիշ տեղ նստիր, թե չէ կզղջաս»,-ասաց ֆուտբոլիստներից մեկը: Տղան վեր կացավ ու այլ տեղ փնտրեց: Դիեգո Լոպեսը, երբ թիմ վերադարձավ, ինձ հարցրեց, թե որտեղ կարող է նստել: Դիեգոն անհավատալի ֆուտբոլիստ է` լուրջ ու պատասխանատու»:
Արևածաղիկներ Բեքհեմի համար
«Մի անգամ Բեքհեմն ինձ ու ծառայողներից մեկին խնդրեց խաղից առաջ արևածաղիկ գնել իր համար: Նա ասաց, որ Վիկտորիային դրանք ևս դուր են գալիս: Մենք գնում էինք, բայց նա երբեք գումարը հետ չէր վերադարձնում (ծիծաղում է): Մի անգամ 5 եվրո գտա նրա նստարանի վրա: Երբ նրան տեսա, վերադարձրի գումարը: Բեքհեմն ասաց շնորհակալություն և գնաց»:
Լռություն «Բորուսսիայի» դեմ խաղից առաջ
«Երբեք չեմ մոռանա մինչև «Սանտյագո Բեռնաբեու» ճանապարհը «Բորուսսիայի» դեմ խաղից հետո: Այդ օրը մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Սովորաբար ինձ 5 րոպե է հարկավոր կայանատեղիից մինչև մարզադաշտ հասնելը, սակայն այդ օրը 20 րոպե պահանջվեց: Ֆուտբոլիստներից շատերը բարձրացել էին իրենց տեղերից, որպեսզի նկարեն իրավիճակը: Նրանք խնդրեցին անջատել երաժշտությունը, որպեսզի լսեն մարդկանց ձայնը: Ավտոբուսի լռությունից փշաքաղվում էի, դա անհավատալի էր. «Երբեք նման բան չեմ տեսել»,-ասաց Մոուրինյոն: Ոստիկանները մարդկանց հետ չէին կարողանում վերահսկել»:
Դրենտեի դրամապանակը, հեռախոսն ու ականջողերը
«Ինչ-որ մեկը միշտ ավտոբուսում մոռանում էր հեռախոսը, դրամապանակը, թևնոցը…Մի անգամ նույնիսկ Դրենտեի ականջօղերը գտա: Երևի շատ թանկարժեք էին կամ շատ կարևոր նշանակություն ունեին, քանի որ նա երկար փնտրում էր կորցրածը: Էլգերան ու Սելադեսն ամենաթափթփված ֆուտբոլիստներն էին»:
Բիլիարդի գնդակից` մինչև կրակ
«Ամենասարսափելին Լա Կորունյայում էր, երբ մեր ավտոբուսի ուղղությամբ քարեր էին նետում: Նրանք 4 ապակի կոտրեցին: Որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ նստել էին հատակին, որպեսզի վնասվածք չստանան: Մի անգամ փորձեցին այրել մեր ավտոբուսը: Նրանք կոտրեցին ապակին ու երկու կրակ նետեցին ներս: Սևիլիայում մեզ վրա բիլիարդի գնդակներով հարձակվեցին: Այն Բեքհեմի ուղղությամբ էր գնում, բայց ավտոբուսը թեքվեց, ու գնդակն ինձ վրա ընկավ»:
Կրիշտիանուն` մարդկային որակների պաշտպան
«Կցանկանայի, որ Կրիշտիանուին քննադատողները նախ ճանաչեին նրան, քանի որ այդ դեպքում բոլորը կփոխեին նրա մասին իրենց կարծիքը: Նա արժանի չէ քննադատության: Կրիշտիանուն անհավատալի մարդ է: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր միշտ մնում են հիշողությանդ մեջ: Քննադատողները պարզապես չեն ճանաչում Ռոնալդուին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում