Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և’ ԵԱՏՄ, և’ ԵՄ անդամ․ Սերգեյ Լավրով

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և’ ԵԱՏՄ, և’ ԵՄ անդամ․ Սերգեյ Լավրով

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, հայտարարել է․

«Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։

Այս հարցը ես բազմիցս քննարկել եմ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնարին է ոչ միայն առևտրում և ներդրումային քաղաքականության հարցերում միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ եվրամիութենական Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական-նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան», – նշել է Լավրովը։

«Էլ չեմ խոսում, որ այդ սկզբունքները, ինչպես, օրինակ, Սերբիայի դեպքում է, նախատեսում են ամբողջական միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը։ Իսկ դա նշանակում է միանալ նաև հակառուսական պատժամիջոցներին և հայտարարություններին», – հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Անդրադառնալով 2025-ի դեկտեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ Լավրովն այսօր նշել է․ – «Հայերին վիզային ռեժիմի ազատականացում են առաջարկում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն պետք է դերակատարություն ունենա իրավապահ համակարգում, սահմանների պաշտպանության հարցերում։ Հասկանալի է, որ Հայաստանում են գտնվում մեր սահմանապահները։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է դա համատեղվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ»։

«Այդ իսկ պատճառով, շարժումը ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ (այդ մասին նաև համապատասխան օրենքներ են ընդունվել) չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ», – եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում