Սիրիայի քրդերը մեր իսկական եղբայրներն են․ Ռեջեփ Թայիբ Էրդողան

Սիրիայի քրդերը մեր իսկական եղբայրներն են․ Ռեջեփ Թայիբ Էրդողան

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Անկարան դրանք ուշադիր հետևում է՝ Թուրքիայի անվտանգության ռիսկերը չեզոքացնելու, նոր սպառնալիքները կանխելու և Սիրիայում խաղաղության ու կայունության արագ հաստատման նպատակով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Էրդողանի խոսքով՝ Սիրիայի քրդերը «Թուրքիայի իսկական եղբայրներն են», որոնք նախորդ վարչակարգի տարիներին ենթարկվել են խտրականության․ նրանց գոյությունը չի ճանաչվել, քաղաքացիություն և անգամ անձնագիր չի տրվել, սահմանափակվել է մայրենի լեզվի, մշակույթի և ավանդույթների ազատ կիրառումը։ Նա նշել է, որ 2008 թվականից ի վեր այդ խնդիրները բարձրաձայնվել են տարբեր հարթակներում։ Ըստ Էրդողանի՝ քրդերին պետք է վերադարձվեն իրենց հիմնարար իրավունքները։

Էրդողանը հավելել է, որ 2011-ից հետո սիրիացի քրդերը բախվել են նաև ահաբեկչական խմբավորումների ճնշմանը, մինչդեռ նոր Սիրիայի կառավարությունը կառուցողական մոտեցում է ցուցաբերում քրդական համայնքի նկատմամբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություն չունի և չի միջամտում ներքին գործերին, սակայն թույլ չի տա, որ իր անվտանգությանը վնաս հասցվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում