Եթե բժիշկները հրաժարվում են իրազեկել հանրությանը, պետք է պահանջել, որ Կարմիր Խաչից այցելեն Նարեկին․ Քեյթ Թաիրյան

Եթե բժիշկները հրաժարվում են իրազեկել հանրությանը, պետք է պահանջել, որ Կարմիր Խաչից այցելեն Նարեկին․ Քեյթ Թաիրյան

Բժիշկ Քեյթ Թաիրյանը գրել է. «Նարեկի հացադուլի 13-րդ օրը. ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

Հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինել բանտախցում 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալի առողջական վիճակի մասին:

Նարեկին այցելած բժիշկները, եթե ո՛չ մասնագիտական, ապա՛ գոնե բարոյական պարտավորություն ունեն հանրությանը պարբերաբար տեղեկացնել Նարեկի առողջական վիճակի մասին:

Եթե բժիշկները հրաժարվում են իրազեկել հանրությանը, պետք է պահանջել, որ Կարմիր Խաչից այցելեն Նարեկին և օբյեկտիվ մասնագիտական տեղեկություն տան մեզ բոլորիս:

Antifake-ի թիմը և Նարեկի պաշտպանները հնարավոր և անհնար միջոցներով պայքարում են Նարեկի ազատ արձակման համար: Սակայն իրավաբաններն ու լրագրողները պարտավոր չեն լիարժեք պատկերացում ունենալ հացադուլի կլինիկական հետևանքների մասին և մասնագիտական կանխատեսումներ անել: Դա կարող են անել ՄԻԱՅՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ:

Նարեկի արդար պահանջն ունի հանրային նշանակություն: Սա անձնական խնդիր չէ. Նարեկի բողոքը մեր երկրում դատաիրավական համակարգի ապօրինությունների և ընդիմադիրների հանդեպ ահագնացող ռեպրեսիաների մասին է: Նարեկը վտանգում է իր կյանքն ու առողջությունը այդ նպատակի համար:

Նարեկին խոշտանգում են մեր բոլորի հանրային միջոցներով, և մեր իրավունքն է տեղեկանալ նրա պահման պայմանների մասին, նրա կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգների մասին:

Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը: Մարմնի զանգվածի ո՞ր տոկոսն է նա կորցրել հացադուլը սկսելուց հետո: Ինչպիսի՞ ռիսկեր կան, եթե չբավարարվեն Նարեկի արդարացի պահանջները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում