Եվրամիությունը կոչ է արել հետաքննել ուղղաթիռի խոցման մանրամասները

Եվրամիությունը կոչ է արել հետաքննել ուղղաթիռի խոցման մանրամասները

Եվրամիությունը պահանջում է վերջ տալ հրադադարի խախտումներին եւ կոչ է անում նոյեմբերի 12-ին ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ իրականացնել մանրամասն հետաքննություն եւ փաստերը ներկայացնել միջազգային հանրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, Բրյուսելում նոյեմբերի 13-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ խոսնակը: «Նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով ուղղաթիռի պայթելուց հետո շատ կարեւոր է, որպեսզի ցուցաբերվի զսպվածություն եւ խուսափենք գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող ենք ավելի խորացնել ճգնաժամն ու սրել լարվածությունը: Բացի այդ, մենք կոչ ենք անում, որ ա յդ միջադեպի բոլոր մանրամասները հետաքննվեն: Եվրամիությունը կրկին իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների ջանքերին: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից եւ ջանքեր գործադրեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին հաղորդագրություն էր տարածել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դատապարտել կատարվածը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում