Զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուրում» են՝ թույլ չտալու Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին
Կարդացեք նաև
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մեկ նպատակով՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին մոտանալ իրենց որդիների շիրիմներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
44-օրյա պատերազմում զոհված Ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ ծնողներ են Եռաբլուրում՝ թույլ չտալու Փաշինյանին և իշխանության ներկայացուցիչներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Նա նշել է, որ իրենք դեմ են այս օրվան. «Մեզ համար սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին որևէ բան չի ընդունվում պետական մակարդակով։ Չի՞ թողում ադրբեջանցին»։
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը նշել է․ «Նախքան իր այստեղ գալը՝ ամբողջ Եռաբլուրը սանրում էին»։
Նա պատմել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի գալը, համազգեստով, նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները էին եկել. «Իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար։ Իրենք եկել էին ինչ-որ մի թուրքի թիկունքը պահելու, որ թուրքը, ազգի դավաճանը կարողանա մտնի Եռաբլուր, դուրս գա»։
Հարությունյանն ասել է, որ ինքը եկել էր Եռաբլուր՝ խոչընդոտելու Փաշինյանին, իշխանության անդամներին մոտենալու իր տղայի շիրիմին։
«Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին։ Մեր տղերքն ուրիշ գաղափարի տեր են եղել, գիտենք՝ ինչի համար են գնացել, կյանքներն ինչի համար են տվել։ Չեմ ուզում որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը»,- ընդգծել է նա։
Զոհվածի ծնողներից մեկն էլ իր խոսքում շեշտել է․ «Ես ցույց անող չեմ, բայց մի բան կարող եմ ասել՝ Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է։ Եթե Արցախը Հայաստան չէր, ինչի էր ասում՝ Հայաստան է, կամ եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում